Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տարոնը հնարավոր է դուրս մնա համալսարանից․ թույլ չեն տալիս քննությունները հանձնել․ Գեղամ Մանուկյան

Blog Image

Տարոնը շարունակում է կալանքի տակ մնալ, գործը դատաքննության փուլում է, վկաների հարցաքննությունն է, դատն էլ ձգձգվում։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր “Հայաստան” խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ խոսելով որդու՝ Տարոն Մանուկյանի կալանքի տակ մնալու մասին։ 

Մանուկյանը նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ փաստաբանական կողմը պատրաստվում է խափանման միջոցի հետ կապված նոր միջնորդություն ներկայացնել։ 

«Տուժողները բոլորը հանդես են եկել ցուցմունքներով, վկայությամբ։ Ամեն դեպքում դատարանը ինչ-ինչ պատճառներով որոշեց, որ որդիս և Գոռ Սարգսյանը (Գեղամ Մանուկյանի փեսան – խմբ.) պետք է մնան խալանքի տակ։ Ինչ էլ լինի, ո՛չ իմ դեպքում, ո՛չ էլ իմ տղաների դեպքում այս ճնշումները նշանակություն չունեն, իրենք իրենց լավ են զգում, պատճառը հասկանում են, հասկանում են, որ սա պայքար է»,-ասաց նա։

Պատգամավորը փոխանցեց, որ որդու դեպքում մի քանի խնդիրներ կան համալսարանական քննությունների հետ կապված։ 

«Համալսարանն այդպես հնարավորություն չի տալիս, որ քննությունները հանձնի, տարատեսակ պատճառներ են բերում, չի բացառվում, որ այս օրերին Տարոնը դուրս մնա համալսարանից։ Նույնիսկ քրեակատարողական հիմնարկի ծառայողներն են ապշած համալսարանի նման վերաբերմունքից, որովհետև իրենց պրակտիկայում շատ կալանավորներ են եղել, որ համալսարանն ավարտել են՝ անազատության մեջ գտնվելով»,-պատմեց Մանուկյանը և հավելեց, որ համալսարանը պատճառ է բերում, թե հեռավար քննություն վերցնելու տարբերակ չունեն։ Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին հաճախ են պատգամավորներն այցելում, փոխանցեց Գեղամ Մանուկյանը և նշեց, որ երբեմն էլ ընկերներն են այցելում։ 

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին երեք անձ, որոնցից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է՝ Մանուկյանի փեսան: ՔԿ-ն հայտնել էր, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին։

Լիաննա Թորոսյան

Send