ՔՊ-ի ներսում անհանգստություն կա, Փաշինյանը կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ի ներսում անհանգստություն կա, Փաշինյանը կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․  

Իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերեւից հանձնարարական են ստացել՝ առանց բացառության, ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։

Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ, ըստ նպատակահարմարության, ոմանց «զոհաբերի»` հանուն իր վարկանիշի, ոմանց «խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։ Հետեւաբար, թիմում եւս «դանոսչիկությունը» ծաղկունք է ապրում:

Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին եւ հասցնում «շեֆին», որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերեւան, եւ իրենք առաջ ընկնեն։ Իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին. մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։

Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում՝ պատգամավորներից մինչեւ պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաեւ Աննա Հակոբյանի վերջին կոշտ եւ վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին։

Նշենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական քառօրյա նիստերը, որոնք ընթանալու են լարված մթնոլորտում։ Իշխանությունների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը»։

 

«Հրապարակը» գրում է․

Սեպտեմբերին սպասվում է «Քաղպայմանագրի» հերթական համագումարը, որի ժամանակ նաեւ նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը՝ դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները: Եթե անցած ընտրություններին վարչությունը ձեւավորվեց հազար ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա։ Իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա, եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։ Նախորդ անգամ մի խումբ ՔՊ-ականներ, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի մտերիմները, ազդել էին ընտրության ընթացքի եւ հաշվարկի վրա: Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը․ քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի, եւ որեւէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը:

Ըստ կուսակցության ներքին կանոնադրության, հերթական ընտրությունների դեպքում համագումարն է ընտրելու նաեւ խորհրդարան ներկայացվելիք նախընտրական ցուցակի առաջին 30-ին, այսինքն՝ ՔՊ ցուցակի առաջին 30 համարների անունները հայտնի կդառնան սեպտեմբերին։