Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը, Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. Մամուլը՝ սուրճով

Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը, Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2020 թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Այս հարցը հետագայում դարձավ փոխադարձ մեղադրանքների առարկա, գեներալներն ասում էին, որ իրենց շնորհիվ է այդ կետը հանվել, Փաշինյանը հակառակն էր ասում․ 2021 թ․ հունիսին, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ Տավուշին վերաբերող կետի պատճառով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը.

«10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետեւ համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետեւ այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկն իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր․․․ Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»։

Նույն պնդումը հետագայում էլ արեց: Բայց հիմա ստորագրել պարտադրող գեներալները չկան, հիմա սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը։

«Փաստ» օրաթերթը գրում է. ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օրերս հայտարարել է, թե՝ ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են նաև մեքենաների թվի ավելանալու և... ճանապարհների որակի բարձրացման պատճառով: Կարճ ասած՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»: Նախ՝ ի հիասթափեցում ՆԳ նախարար Ղազարյանի, նկատենք, որ աշխարհի շատ ու շատ երկրներում կան շատ ավելի լավորակ ճանապարհներ, մայրուղիներ, արագընթաց մայրուղիներ: Բայց չկա ճանապարհատրանսպորտային այն շփոթը, որ դիտարկվում է Հայաստանում: Հա, ու արտասահմանյան ՆԳ նախարարների մտքներով էլ չի անցնում, որ վթարների ավելանալը լավորակ ճանապարհներով պատճառաբանեն: Ի դեպ, քաղաքապետարանը նույն օրը հայտարարել էր, թե մայրաքաղաքում մեկնարկելու են ճանապարհների «փոսալցման» աշխատանքները: Փաստորեն, ստացվում է, որ դրա իմաստը չկա:

Դե, ըստ ՆԳ նախարարի տրամաբանության: Ավելին, պետք է քանդել բոլոր ճանապարհները, փողոցները դարձնել անանցանելի, մայրուղիները վերածել հրետակոծված խորշակների ու՝ վերջ: Ոչ ոք ոչ մի տեղ «գազ չի տա», ու ՃՏՊ-ներ էլ չեն լինի: Համ էլ ասֆալտի վրա անիմաստ ծախսեր չեն արվի: Ճիշտ է, մեքենաները կջարդվեն, բայց դա հո ՃՏՊ-ից չի լինի, համ էլ էլի օգուտ կլինի. մեքենա սարքողները լիքը գործ կունենան: Եթե ավելի լուրջ, ապա սա այնքան, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն էր, որ նույնիսկ փաշինյանական իշխանության կարկառուններից մեկը՝ Արսեն Թորոսյանն էր հատուկ գրառում կատարել՝ ՆԳ նախարարին գանակոծելով:

Դեռ մի կողմ թողնենք, որ գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները», այստեղ ավելի էականն այն է, որ նույնիսկ իրենք են սկսել զարմանալ իրենց թիմի առնվազն դիլետանտությունից: Եվ որպես հետգրություն՝ նկատենք, որ ՆԳ նախարարը հաստատ քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել՝ դիպել է ասֆալտապատման գործընթացին: Իսկ ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է, ասֆալտը... դա ասֆալտն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է ԲԴԽ-ին, որ մտնում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննչական գործողությունների։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրազեկելուց հետո մտել են դատարան, քննչական գործողություններ են կատարել։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին եւս օգնականի մասով մի քանի հարցեր են տվել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել էր ArmLur.am-ի տեղեկությունները, որ իրավապահները կալանավորել են Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին։

Ըստ կոմիտեի՝ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ։

Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝ իրենք իշխանության են, ժողովուրդն իրենց հանդուրժում է: Նա այդ հայտարարությունն արել է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի քննարկման ընթացքում: Ձեռքի հետ` հընթացս ասել է. 6 տարի է՝ մենք իշխանության ենք, ես չէի սպասում, որ այսքան կմնանք, ապա շարունակել է ասելիքը, սակայն նրա այդ հայտարարությունը գրավել է կուսակիցների ուշադրությունը: Հավանաբար, հարց են տվել, Փաշինյանն ասել է, որ այլ առիթով կանդրադառնա։

ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական իշխանություն լինելով` որեւէ խոստում չենք կատարել, բայց շարունակում ենք մնալ իշխանության։ Բայց իշխանության մնալը դեռ ոչինչ չի ասում, անգամ իշխանական սոցհարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել` 17 տոկոսի: Ոմանց կարծիքով, դա էլ ուռճացված թիվ է: