Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ռոմանոս Պետրոսյանը նոր «թակարդ» է լարել ՀԷՑ-ում, Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել է». Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով, մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը: Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք` ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից:

Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։

Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը, թվանոց՝ ամսական 5.2 մլն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն եւ մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն: Նա այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է, բայց, ըստ ամենայնի, արդեն մտածում է, որ կարող է ՀԷՑ գլխավոր տնօրեն աշխատել եւ հիմնավորվել այստեղ։

 

 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի բուժման նպատակով ծախսված պետական միջոցների վատնումների թեման «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետեւողականորեն բարձրաձայնել: Եվ տարակուսելի է, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում այս երեւույթները իրավապահների աչքից վրիպել են:

Այսպիսով՝ շարունակելով ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կազմած ակտը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է արտառոց մի բան. Հայաստանը ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ չարտերային թռիչքով ապրանքներ է պատվիրել Չինաստանից, սակայն մաքսազերծել է դրանց մի մասը միայն, իսկ վերահսկողներն ընդհանրապես հրաժարվել են փաստաթղթեր տրամադրելուց: Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա: Ավելին՝ ՀՀ ֆինանսների նախարարը արձանագրել է, որ պետբյուջեից ծախսված այդ փողերը ենթակա են վերականգնման:

Եվ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի.

«ՀՀ-ում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով 09.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջեւ կնքվել է չարտերի մասին համաձայնագրիր: 10.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 մլն 165 հազար ՀՀ դրամին համարժեք՝ 275,000 ԱՄՆ դոլար: 4 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կգ բժշկական սարքավորում՝ թթվածնային կոնցենտրատոր: Սակայն, ըստ ստուգման ներկայացված մաքսային հայտարարագրերի, մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6,607 կգ ընդհանուր քաշով»:

Այսինքն՝ ճանապարհին բեռից 26,054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Բայց սա դեռ ամենը չէ: Այսպիսի մի չարտերային թռիչք էլ կազմակերպվել է 2020թ. դեկտեմբերի 14-ին. նույն «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել նաեւ 13,576 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր, անյուղ մխոցային, ձայնագրման համակարգ եւ մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 12,475 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր: Սակայն այս բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարություն հանձնման-ընդունման եւ բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը թաքցրել է փաստաթղթերը, եւ վերահսկող մարմինը չի կարողացել պարզել, թե այս երկու չվերթներով եկած ապրանքների որ մասն է Հայաստան հասել, որ մասն է էլի կորել ճանապարհին, ինչպես է բաշխվել եւ այլն:

Իսկ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում շարունակում է ասել, թե համակարգային կոռուպցիա չկա մեր երկրում: Այդ դեպքում ի՞նչ է սա, եթե ոչ համակարգային կոռուպցիա, երբ ճանապարհին ավիաբեռները կորում են»։ 
     

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում` ձեւավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին եւ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։

Մեր տեղեկություններով, իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում» խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ, կարեւոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի:

Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է` ՔՊ հրետանին: Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է` ազատվել նրանցից, եթե` ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։

Իշխանությունն այլեւս ոչ մի բանի առաջ չի կանգնում` կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։

Ի դեպ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափանցիկ դառնա կուսակցությունների ֆինանսավորումը:

«Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»` այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան եւ կոնսպիրացիայով զբաղվեն»,- հրահանգ իջեցրեց նա։

 

Send