Դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը. Գարեգին II-ը մատուցեց Սուրբ պատարագ (ֆոտոշարք)

Դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը. Գարեգին II-ը մատուցեց Սուրբ պատարագ (ֆոտոշարք)

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Օրը տոնական է, սրտերը՝ հույսերով լի:

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ավանդաբար, մատուցեց Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագը, որի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի՝ Հորդանան գետը մտնելը):  

«Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին։ Շուտափույթ վերադարձ պարգևիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլև անհայտ կորած մեր զավակներին։ Երկնային երանական հանգստության և լուսեղեն օթևանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին։ Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի Քեզանով զորացյալ դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»,- իր խոսքում նշեց Վեհափառը:

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս մասնակցեց սուրբ պատարագին: Թող Աստծո օրհնությունն անպակաս լինի մեր ընտանիքներից, մեր հայրենիքից: Աստված պահապան Հայաստանին ու Արցախին: