ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում, Լոպեսին Հայաստան է բերում Քարդաշյանը. Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում, Լոպեսին Հայաստան է բերում Քարդաշյանը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պաշտպանության նախարարի խորհրդականի որդու դեմ հարուցված քրեական գործով 3 տարի է, ինչ քննություն է իրականացվում, արդեն 3 դատավոր է փոխվել, գործը հասել է 4-րդ դատավորին, բայց այդպես էլ քննությունը տեղից չի շարժվում: 3 տարի է՝ դատական համակարգը չի կարողանում գործը գլուխ բերել։ Չի բացառվում, որ վարույթով անցնող պաշտոնյայի որդու հանգամանքն է դատարանին եւ դատավորներին խառնաշփոթի մեջ գցել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մասնակից է եղել Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմից՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Որոշվել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, սակայն Պողոսյանը, փաստացի, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն ժամանակ, երբ Կարեն Պողոսյանը գտնվում էր հետախուզման մեջ, հայրը՝ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, որ որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի: Միջադեպից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին, Կարեն Պողոսյանը ներկայացել է քննչական կոմիտե, երկու ամսով կալանավորվել, հետո ազատ արձակվել, քանի որ դատարանը չի բավարարել նրա կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի վերաբերյալ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանին։

Արդյունքում, Սեփխանյանը քրեական գործը չքննեց մինչեւ վերջ, այն մակագրվեց, Մուշեղ Արամյանին, նա եւս մինչեւ վերջ չքննեց այն, գործը մակագրվեց Ռիմա Առաքելյանին, բայց վերջինս նույնպես չքննեց մինչեւ վերջ, ու հիմա էլ գործը մակագրվել է այս վարույթով 4-րդ դատավոր Արթուր Ոսկանյանին։

Ահա եւ դատական համակարգի ողջ պերճանքը»։

 

«Հրապարակը» գրում է․  

Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ապրիլի 29-30-ը կգործուղվի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ գործուղման ծախսերը կհոգան պետական բյուջեի միջոցներից։ Որ իշխանական երեսփոխանները բյուջեն դարձրել են իրենց համար աշխարհաճանաչողության միջոց եւ դրա հաշվին ամբողջ աշխարհով ման են գալիս, յոթ տարի է՝ դրա ականատեսն ենք, սակայն ինչքան են անամոթ դարձել, որ Հայաստանի տարածքում էլ են մի քաղաքից մյուսը մեկնում բյուջեի հաշվին: Այն դեպքում, որ պատգամավորներն իրենց «ձեռքի ծախսի» գումարները նախկին 50 հազար դրամից 250 հազար դարձրին հենց այդ պատճառաբանությամբ, որ այցելություններ են իրականացնում, հանդիպումներ են ունենում եւ այլն:

Բայց հիմա ե՛ւ այդ 250 հազարն են ստանում, ե՛ւ Գյումրի «գործուղում» ձեւակերպում` բյուջեից փող քերելու նպատակով։ Կարգադրությունից տեղեկացանք նաեւ, որ այցի նպատակը «մարզերում Եվրոպական Միության ծրագրերի կիրարկման խորհրդարանական վերահսկողություն ու մոնիթորինգ իրականացնելն է» ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Համացանցը փոթորկած հայտնի երգչուհի, դերասանուհի, գերաստղ Ջենիֆեր Լոպեսն իսկապես Հայաստան է գալու հյուրախաղերի, սակայն դրա կազմակերպման մանրամասներն անգամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չգիտի։

«Մեր աչքը վախեցած չէ ընդհանրապես, եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,-Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, «քանի որ Սնուփ Դոգին հրավիրելու դեպքից աչքը վախեցել է»։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ լուրերի համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Սակայն գնառաջարկն այնքան բարձր է եղել, որ Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել։ Առաջարկվել է ռեկորդային 1 միլիոն դոլար գումար։

Հայաստանում հովանավորների չգտնելուց հետո՝ Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։

Ստացվում է, որ աշխարհահռչակ, արմատներով հայ Քիմ Քարդաշյանը Հայաստան է բերելու աշխարհահռչակ երգչուհուն, սակայն ինչպես կամ ում հետ համաձայնեցնելով՝ դեռ անհայտ է»։

 

«Հրապարակը» գրում է․  

Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել:

Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։

Գեւորգյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։