«Արցախյան հակադրություն» Երևանում

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի. ուրբաթ օրը MediaHub-ի հետ զրույցում պնդել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը մի հաղորդագրություն է տարածել՝ վկայակոչելով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին: Վերջինիս ընդգծել է, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Ինչպես և սպասվում էր՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները քարոզչական տոտալ գրոհ սկսեցին Ստեփանակերտի էլիտայի դեմ:
«Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները խստագույնս պատժվելու են»,- սպառնացել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը գրել է. «Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։ ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»։
ՔՊ-ի ճնշումն այնքան ուժեղ էր, որ Վլադիմիր Գրիգորյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ու հայտարարեց, որ աղմկահարույց հարցազրույցում արտահայտել է մասնավոր կարծիք: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ Շահրամանյանը իր հայտնի հրամանագիրը չեղարկե՞լ է, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ Արցախը լուծարելու մասին կամ այդ լուծարումը չեղարկելու հայտարարությունը որևէ կապ չունեն Արցախի կործանման կամ վերածնունդի հետ:
Արցախի կործանումը կանխորոշել են մի քանի գործոններ՝ 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախն ունիտար Ադրբեջանի մաս ճանաչելու մասին և վերջապես՝ միջազգային լռելյայն կոնսենսուսը:
ԼՂ խնդրի քաղաքական էջը փակված է:
Հիմա տրամաբանական հարց կառաջանա՝ այդ դեպքում, ինչո՞ւ են իշխանության խոսնակներն այդքան անհանգիստ Շահրամանյանի խորհրդականի երեկվա հայտարարությունից կամ Շահրամանյանի մոտ անցկացված խորհրդակցությունից:
Պատասխանը պարզ է՝ Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականության հետևանքով՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխել է մի հանգրվան, որ ցանկացած լուծում շոշափելու է Երրորդ հանրապետության հիմքերը, կանխորոշելու է անգամ մեր ներքաղաքական դիսկուրսի բովանդակությունը:
Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց Փաշինյանն արդեն կատարում է դրանով նախատեսված Բաքվի պահանջները:
Վահրամ Բագրատյան