Այն, ինչ կատարվում է Արցախում, պետք է ներսում ապրես, քո մաշկի վրա զգաս, որ մեկնաբանես։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին։
Նրա խոսքով՝ բացահայտ խոսվում էր այն մասին, որ կառավարման համակարգում խնդիրներ կան։
«Փոփոխությանը պետք է դրական տեսանկյունից նայել, եթե կառավարման համակարգում կա ճգնաժամ, կան նաև խնդիրներ, որոնք բերում են երկփեղկվածության։ Կարծում եմ՝ փոփոխություններն այս շրջանակում դրական ազդեցություն են ունենալու»,- նշեց նա։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Արցախն այսօր օղակի մեջ է, որը կամաց-կամաց սեղմվում է, և կառավարման համակարգում արվող փոփոխությունները պետք է անցնցում լինեն, մարդիկ պետք է զգան, որ եկել են նրանց, որոնք ռազմավարություն են բերել։
«Նոր իշխանությունը պետք է իր անձնական օրինակով ցույց տա, որ մեկն է այդ 120 հազարից։ Այդ դեպքում, կարծում եմ, Արցախն այս իրավիճակից դուրս կգա»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ բոլոր փոփոխությունները պետք է նրան բերեն, որ իշխանության գործողություններն ավելի համակարգված լինեն։
«Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա կարծում եմ, որ Արցախի իշխանությունը չպետք է կուլ գնա Ադրբեջանին։ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ գրված է Լաչինի միջանցքի բաց լինելու մասին։ Եվ Ադրբեջանը ստիպված պետք է լինի այդ ճանապարհը բացելուն։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է աջակցություն ցուցաբերել։ Ես ռազմավարության հիմնական ուղղությունների մասին կարճ փաստաթուղթ եմ ամիսներ առաջ կազմել ու ներկայացրել Արայիկ Հարությունյանին։ Ես անձամբ պատրաստ եմ ամեն ինչի, կապը կա ու այդ կապի շրջանակում մենք կաշխատենք։ Արցախի ժողովուրդը պետք է ավանգարդը լինի շարժման, որ Արցախի ինքնորոշման հարցը լուծվի։ Այստեղ մեծ դեր պիտի ունենա ՀՀ Կառավարությունը։ Բայց և երևում է, որ ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։