Եթե, ըստ Ալիևի, սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքային հարցեր է բարձրացնում Ադրբեջանը․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի մասին խոսելով։
Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Կոռնիձորում, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար արգելում է այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին հայկական կողմի ռազմական սադրանքն է։ Հիշեցնեմ, որ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղակայել Հակարի կամրջի մոտ, իսկ հայկական կողմի սահմանապահներն արգելել էին։ Հենց Ադրբեջանի գործելակերպն է սադրանք։ Հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման գործընթացը վիժեցնելու գործողության է նման։ Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի հարցազրույցում։ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագրով»,- նշեց Փաշինյանը։
Նա նկատեց՝ Ադրբեջանի պլանն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները վիճարկելու հնարավորությամբ խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում սահմանազատման ու սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ ներկայացվի։
«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքային հարցեր է բարձրացնում Ադրբեջանը»,- հարց հնչեցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։