Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել հենց «ԱրմԱս» գինու գործարանը

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ապրիլի 14-ին նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով բարեգործական ընթրիք, որին մասնակցելու համար գործարար կանայք պետք է 1 մլն դրամ վճարեն։ Ընթրիքը կայանալու է «ԱրմԱս» գինու գործարանում։
Mediahub-ը փորձեց կապ հաստատել «ԱրմԱս»-ի հիմնադիր Վիկտորիա Ասլանյանի հետ, սակայն մեր ունեցած հեռախոսահամարին պատասխանեց ընկերության աշխատակիցը։
Նա ասաց, որ Վիկտորիան այս պահին քաղաքում չէ, և կփոխանցի մեր հարցը։ Մեկ-երկու հարցի, սակայն, ընկերության աշխատակիցը պատասխանեց։
Օրինակ, մեր հարցին՝ ինչպե՞ս է կատարվել տեղի ընտրությունը, իրե՞նք են առաջարկել, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած թանկարժեք ընթրիքը իրենց մոտ կայանա, թե՞ «Իմ քայլից» են իրենց դիմել, ասաց․ «Չէ, մենք չենք դիմել, իրենք են դիմել մեզ, ընտրությունն իրենցն է եղել»։
Իսկ այ վճարովի՞ հիմունքներով են տարածքը տրամադրել, թե՞ անվճար, «ԱրմԱս»-ի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դրա վերաբերյալ ինֆորմացիա չունի։
Մեր զանգից մի քանի ժամ սպասեցինք՝ հույսով, որ Վիկտորիա Ասլանյանը կապ կհաստատի մեզ հետ, սակայն նա այդպես էլ չզանգեց, որ մնացած հարցերն իրեն ուղղեինք։
Վահե Մակարյան