Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»

Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ընթանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը, որ արդեն հասել է Կոտայքի մարզ, իսկ մայիսի 9-ին, ըստ շարժման հայտարարության, կհասնի քաղաքամայր Երևան: Հատկանշական է, որ բոլոր բնակավայրերում՝ մեծ, փոքր, քաղաքներում ու գյուղերում, որ կան Բագրատ Սրբազանի գլխավորած երթի ճանապարհին, հայրենակիցները ջերմորեն, աղուհացով, հյուրասիրությամբ, ողջույններով, խրախուսական բացականչություններով են դիմավորում և ընդունում երթի մասնակիցներին: Շատերը միանում են երթին՝ Լոռուց, Գեղարքունիքից, Արարատից, Շիրակից...

Քավ լիցի, երթի ընթացքը օնլայն հեռարձակվում է միանգամից մի քանի լրատվական կայքերով, համացանցային հարթակներով, և բոլորը, ով անտարբեր չէ, տեսնում է երթի ընթացքն էլ, երթավորներին դիմավորելն էլ, մարդկանց համակած հույսն ու տրամադրություններն էլ: Երթի մեջ գտնվող մեր հայրենակիցների տպավորություններն, իհարկե, ավելի վառ են, այսպես ասած՝ «առաջին ձեռքից»: Ուշադրություն են գրավում նրանց դիտարկումները ընդհանուր մթնոլորտի, տրամադրությունների մասին: Ու դա նույնպես բնութագրական է: Բայց մենք, այնուամենայնիվ, կցանկանայինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել երթի մեկնարկի և՛ խորհրդանշական, և՛ կարևոր դրվագի վրա: Նախքան երթի մեկնարկը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա հետ՝ շարժման առաջին շարքի գործիչները ծնկի իջան Կիրանցի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ և նրա մեծական օրհնանքն ստացան: Սա իսկապես խորհրդանշական պահ էր:

Դա, առանց խոսքերի կամ հավել յալ մեկնաբանությունների, ընդգծումն էր այն կարևոր հանգամանքի, որ այս պայքարը մեր ազգային ավանդույթին համահունչ ու համապատասխան է, ազգայինի ու ավանդականի վրա է խարսխված նախևառաջ: Ազգայինն ու ավանդականը պահելու մասին է այս պայքարը: Եվ պահելու այնտեղ, որ մեր բնօրրանն է, այլ ոչ թե, ինչպես դա օրվա իշխանությունն է ցանկանում, գյուղ առ գյուղ, սար առ սար, ձոր առ ձոր այդ ամենը թշնամուն հանձնել, որից հետո ո՛չ ազգը ոտատեղ կունենա, ո՛չ էլ ազգայինը՝ հենակետ: Մոտ մեկ օր լռելուց հետո իշխանական քարոզչամեքենան, համացանց լցոնած բազմաթիվ ֆեյքերով մի նոր թափով հարձակումներ վերսկսեց Բագրատ Սրբազանի ու նրա գլխավորած շարժման դեմ՝ մատնելով այն սարսափը, որ համակել է Փաշինյանին ու նրա «թիմակիցներին», երբ նրանք տեսան, թե ինչ թափ ու էներգետիկա ունի այս պայքարն իր ընդերքում: Սա վախ է խաչից ու խաչի շարժումից:

Եվ սա գուցե բնական և սպասելի է: Սա հոգևորի, ոգեղենի ընթացքն է՝ ընդդեմ սուտ «դուխի», համախմբման, ճշմարիտի ու սիրո ընթացքն է՝ ընդդեմ բաժանման, փսորման, ատելության, անհայրենիքության, ապազգայինի, ընդդեմ ստի: Հոգևորը, ազգայինը, ավանդականը: Պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը: Ո՞վ ենք մենք առանց այդ ամենի: Ո՞վ ենք մենք առանց դրա գիտակցման: Ինչպես նախօրեին սիրված ու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից: Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե՛ Հայաստանի, թե՛ մշակույթի... առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:

Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, Աստված գիտի: Ամեն դեպքում, մեր հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում հույս է արթնացել: Հույս, որ լույսն ու ապրելու կամքը, ազգայինն ու հոգևորը գերակշռելու են խավարին ու անհոգությանը, ստին ու կեղծիքին, պատռելու են նվաստության, պարտվողականության, զիջողականության պատանը, ընդհատելու են կորուստներն ու անկումը: Կրկնենք, թե ինչպիսին կլինի շարունակությունը, միայ Աստված գիտի: Բայց մի բան հաստատ է. վերջապես պետք է հաղթի հոգևորը: Ոգին, այլ ոչ թե «դուխը», կյանքն ու ազատությունը, այլ ոչ թե դագաղները, որոնք ճոճելով փաշինյանենք եկան իշխանության ու սև բերեցին մեր ծաղկուն Հայաստանի, Արցախի, մեր աշխատասեր ժողովրդի գլխին: Պետք է հաղթի լուսավոր միտքն ու բարին, այլ ոչ թե անմիտ ու դատարկ «դմփ-դմփ-հու»-ն: Ոգեղենությունը, այլ ոչ թե չարությունը, որ օրնիբուն ու անդադար հորդում է Փաշինյանի, նրա իշխանության այլ «կարկառունների» բերաններից:

Պետք է, ի վերջո, հաղթահարել Փաշինյանի ու նրա «թիմի» բերած սևուսպիտակի որոմը, նրանց բերած ու սերմանած ներքին թշնամանքը, ատելության այս զզվելի մթնոլորտը, ազգային նվաստացման ու ինքնաոչնչացման այս պարունակից պիտի ելնենք, ի վերջո: Երթի հետ Երևան եկող հայրենակիցները, ինչպես սկզբում նշեցինք, բավականին գունագեղ ու ոգևորությամբ են նկարագրում թե՛ ներսում, թե՛ երթի շուրջ տիրող մթնոլորտը, այն, թե ինչպես են բացարձակապես անծանոթ մարդիկ շտապում օգնել մեկը մյուսին, ինչ պատրաստակամությամբ են համակված: Դա հենց այն է, ինչը կոչվում է միասնություն: Դա համախմբման, եղբայրական սիրո, համերաշխության արտահայտությունն է ու ներուժը, եթե կուզեք՝ էներգետիկան:

Այն ներքին ուժը, որը միավորում է մարդկանց, որը մարդուն բարձրացնում է, ոտքի կանգնեցնում ու վաղվա օրվա, ապագայի հույս տալիս: Փաշինյանը մեր հասարակությանն անընդհատ բաժանում է, սևուսպիտակում է, թշնամացնում է, անընդհատ չարության դոզաներ է ներարկում, անընդհատ վախեցնում ու ահաբեկում է, որովհետև տարանջատվածներին հեշտ է իրար դեմ հանել, որովհետև վախեցածներին հեշտ է ճնշել, որովհետև նա ստի, կեղծիքի, աղետի, մահվան, պարտության խորհրդանիշն է: Իսկ Երևան ընթացող երթը ապրելու, արարելու, հայ մնալու, Հայաստան, երկիր ու պետություն ունենալու մասին է...