Խախտվել է կառավարության որոշումը` անհրաժեշտությունից ելնելով․ «Հրապարակ»

Խախտվել է կառավարության որոշումը` անհրաժեշտությունից ելնելով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին օրերին տեղ-տեղ ձնամաքրման աշխատանքներ կատարելու վրա փիառվելու մեջ իշխանություններն այնքան են խորացել ու դրանով տարվել, որ նույնիսկ մոռացել են, որ կառավարության որոշում են խախտում։ Օրերս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Մ4 ճանապարհի մաքրման աշխատանքները ներկայացնող տեսանյութ էր հրապարակել՝ կից մեկնաբանությամբ․ «Մ4 միջպետական ճանապարհն է՝ Աբովյանի տարածաշրջան։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են ձմեռային պահպանման աշխատանքներ»։

Հրապարակված տեսանյութում, սակայն, երեւում է, որ ձնամաքրման աշխատանքների համար շահագործվող «Կամազ»-ները հին են, մինչդեռ կառավարության որոշում կա, որ 15 տարին գերազանցող տեխնիկան չի կարող շահագործվել։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հետաքրքրվեցինք, թե տեսանյութում երեւացող բեռնատարը որ թվականի արտադրության է։ Պատասխանեցին․ «ՀՀ կառավարության 4 նոյեմբերի 2010թ. N 1419-Ն որոշման համաձայն՝ կապալառու կազմակերպությունները ձմեռային պահպանման աշխատանքների շրջանակներում պարտավոր են յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի պահպանման համար ապահովել մինչեւ 15 տարեկան մեկ կոմբինացված ճանապարհային մեքենա։ Սա նվազագույն պահանջն է։ Սակայն աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ ձմեռային պահպանման աշխատանքների մեջ ընդգրկում են նաեւ ձյուն մաքրող այլ մեքենամեխանիզմներ նույնպես։ Ձեր կողմից նշված կապալառու կազմակերպությունը բավարարել է նվազագույն պահանջը»։

Խնդրեցինք ավելի հստակ պատասխանել՝ մեքենաները 15 տարուց ավելի հի՞ն են, թե՞ ոչ։

«Տվյալ ճանապարհահատվածը սպասարկող կազմակերպությունն ունի 10 կոմբինացված ճանապարհային մեքենա, որից 3-ը մինչեւ 15 տարեկան են։ Այս կազմակերպությունը որոշմամբ ներկայացված պահանջն ապահովել է։ Ձյան առատ տեղումների ժամանակ աշխատանքի են դուրս գալիս պարկում առկա բոլոր մեքենաները։ Տվյալ տեսանյութի մեքենաների տարիքը 15-ից բարձր է»։
Սպասենք, որ առաջիկայում էլ մի դժբախտ պատահար գրանցվի` հին մեքենաները շահագործելու հետ կապված, որից հետո նոր աղմուկ կբարձրանա, եւ բոլորը կհիշեն, որ կառավարության նման որոշում է կայացվել դեռեւս 2010 թվականին, որի պահանջները չեն պահպանվում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում