«Քաղաքական հետապնդում». ինչպե՞ս է լուծվելու «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի հարցը

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի հարցը լուծված չէ, չնայած իշխանությունը կարծում է, որ լուծել է հարցը, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Տաթևիկ Մելքոնյանին։ Երբ փոխքաղաքապետը ներկայացնում էր իրեն, ներկայացրեց որպես թատրոնի ղեկավար։ Մրցույթ ամեն դեպքում լինելու է, սպասում եմ` մրցույթը հայտարարեն, ու կտեսնենք՝ ե՞ս կընտրվեմ, թե՞ Տաթևիկը կհաղթի մրցույթում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը։
Նշենք՝ շուտով կլրանա 2 տարին, որ թատրոնը տնօրեն չունի, այս ընթացքում քննարկվում էր դերասան Սոս Ջանիբեկյանի անունը, որին, սակայն, դերասանները դեմ էին։
«Ես սպասում եմ մրցույթին, տեսնենք՝ ինչ կլինի։ Դերասաններից շատերը դեմ չեն, որ ես լինեմ տնօրենը, կան մարդիկ, որ չեզոք են, կան մարդիկ, որ սպասում են նոր տնօրենին, որ հարմարվեն։ Մենք արդեն երկու տարի հարկադիր պարապուրդի մեջ ենք, և այս մարդկանց իրենց մասնագիտական իրավունքից զրկելու համար պարզ չէ, թե ով է պատասխան տալու։ Երբ մի ամիս ներկայացումը չես խաղում, արդեն խնդիրներ են առաջանում։ Հիմա մենք երկու տարի չենք խաղացել, միայն մեկ անգամ ինչ-որ հյուրախաղի ենք գնացել։ Պարզ չէ, թե երկու տարի հետո թատրոնն ինչպես կվերականգնվի, այդ մարդիկ նորից կուզեն խաղալ, թե չէ։ Այս դադարից հետո դժվար է լինելու»,- ասաց Չոբանյանը։
Հարցին՝ արդյո՞ք թատրոնի այս վիճակի պատճառը քաղաքական հայացքները չեն, քանի որ թատրոնի գրեթե ամբողջ թիմը խաղում էր «Իշխանություն» ֆիլմում, վերջինս պատասխանեց․
«Ուրիշ տարբերակ չկա, բայց այս հարցի հստակ տարբերակը իշխանությունն է տալու։ Իրենք ավելի հստակ կպատասխանեն՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ։ Իրենք ասում են՝ «թատրոնը լավ չի գործել», բայց իրենցից ո՞վ է եկել ու ինչ-որ ներկայացում նայել։ Ներկայացումների որակից են խոսում, բայց անհասկանալի ու սուտ պատմություններ են հորինում, ներկայացնում, չնայած մարդիկ թատրոնի մասին կարծիք են հայտնում»։
MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին, որ մրցույթը տեղի է ունենալու ժ/պ նշանակելուց վեց ամիս անց։ Տաթևիկ Մելքոնյանն էլ ժ/պ է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 14-ին։
Լիաննա Թորոսյան