Դա բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չենք կարող ասել, թե «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ բանակցություններում հետընթաց է գրանցվել և հիմա զրոյական կետում են։

«Նման բան ասել չենք կարող, խաղաղության պայմանագրի բանակցություններն, ըստ էության, այսօր և վաղը Բեռլինում շարունակվում են, և ըստ այդմ՝ հենց այդ բանակցությունների արդյունքներից կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք։ Գիտեք, որ յոթերորդ ռաունդն է եղել առաջարկների, և այսօր արդեն և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են բանակցությունները, թե՞ դեռ էլի լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- ասաց Խանդանյանը։

Նա նաև նշեց, որ բանակցությունների ընթացքում ու պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ, կամ հոդվածներում որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։

«Ես չեմ կարող փաստաթղթի բովանդակությունը բացահայտել, հատկապես, որ դա անընդհատ աշխատանքային փուլում է գտնվում, և ամեն խմբագրումից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այդ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն  բանակցությունների ընթացքում»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ դա բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ։

Մանրամասն՝ տեսանյութում