«Կարմիր գծերի» համար տարեկան 160 000 վճարողների քանակն ընդամենը 15, 20 տոկոս է կազմում

Երևանի քաղաքապետարանն այսօր գրեթե գաղտագողի՝ չզեկուցվող հարցերի մեջ ընգրկված նախագծով հետաձգեց տրանսպորտի թանկացման որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը։ Հիշեցնենք, քաղաքապետարանը խոստացել էր, որ նոր տրանսպորտային համակարգը սկսելու է գործել սեպտեմբերից, այսինքն՝ աշնանն արդեն պետք է ունենայինք նոր, բայց նաև թանկացած տրանսպորտ, սակայն այսօր այդ որոշումը հետաձգվեց մինչև հունվարի մեկը։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանից MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս հետաձգումը, ավտոբուսնե՞րը չհասցրին բերել, թե՞ ընդհանուր ցանցը դեռ պատրաստ չէ։

«Ավտոբուսները ժամանակին գալու են, հասնելու են Երևան, սահմանված է համաձայնագիր՝ ֆինանսական միջոց հատկացնելուց հետո վեց ամսվա ընթացքում, դա ընկնում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Միաժամանակ պետք է որոշակի ժամանակահատված մաքսազերծման աշխատանքներ կատարելու համար՝ պետհամարանիշ հանելու, գրանցում իրականացնելու․․․ դրանցով պայմանավորված՝ որոշում է կայացվել հունվարի մեկից»,- ասաց Հարությունյանը։

-Այդ ամենը չէի՞ք հաշվարկել, որ կարող է չհասցնեք մինչև սեպտեմբեր։

-Տեսեք, խնդիրը հետևյալն է․ հստակ սահմանվել է, որ վեց ամսվա ընթացքում ավտոբուսները լինելու են Երևանում, և էդ պայմանը միանշանակ պահպանվելու է, և մենք ամեն ինչ փորձում ենք անել, որպեսզի ավելի շուտ ավտոբուսները հասնեն Երևան։ Իսկ նախապատրաստական աշխատանքները փորձելու ենք մաքսիմալ կարճ ժամանակահատվածում ավարտենք։

-Քանի՞ ավտոբուս է գալու և ի՞նչ արժեքով։

-171 հատ ավտոբուս է գալու և 15 տրոլեյբուս։ 171 ավտոբուսի պայմանագրի գինը մոտ 6 միլիարդ է, իսկ տրոլեյբուսներինը՝ 1.5 միլիարդ։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան