Մեզ չի հետաքրքրում ԼՂ-ն ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը․ Հարավային Օսիայի նախագահ

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և որ Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։ Գրել է ՏԱՍՍ-ը։
Մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Հարավային Օսիայի ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանեց սեփական ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերին, ովքեր օգնություն էին ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը. Նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- ասել է Գագլոևը։
Նախագահն ընդգծել է, որ «այսօր Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից որպես անկախ պետություն, և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։
Նոյեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, Փաշինյանն ասել է, որ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։