ՑԱՆԿ. 43 երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումներ կլինեն. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է երկիր մուտքի նոր սահմանափակումներ մտցնել 43 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի։ Այս մասին մարտի 14-ին հայտնել է The New York Times ամերիկյան թերթը՝ վկայակոչելով այդ ծրագրերին ծանոթ պաշտոնյաներին։
«Թրամփի վարչակազմը դիտարկում է 43 երկրների քաղաքացիների համար նոր ճանապարհորդական արգելք սահմանելու հնարավորությունը, որը կգերազանցի նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված սահմանափակումները»,- ասվում է զեկույցում։
Ըստ թերթի՝ Պետդեպարտամենտը կազմել է պետությունների ցուցակի նախագիծ՝ բաժանված երեք կատեգորիաների՝ «կարմիր», «նարնջագույն» և «դեղին»։ «Կարմիր» ցուցակում ընդգրկված է 11 երկիր, որոնց քաղաքացիներին «կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ»։ Այն ներառում է Աֆղանստանը, Բութանը, Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։
«Նարնջագույն» ցուցակում ընդգրկված է 10 երկիր՝ Բելառուսը, Էրիթրեան, Հայիթին, Լաոսը, Մյանմարը, Պակիստանը, Ռուսաստանը, Սիերա Լեոնեն, Հարավային Սուդանը և Թուրքմենստանը։ Այս ցանկի համաձայն՝ մուտքը կարող է տրվել հարուստ անհատներին, բայց ոչ այն անձանց, ովքեր ճանապարհորդում են ներգաղթային կամ տուրիստական վիզաներով:
«Դեղին» ցուցակում ներառված է 22 երկիր, որոնց կտրվի 60 օր՝ «բացահայտված թերությունները» վերացնելու համար, այլապես «կարմիր» կամ «նարնջագույն» կատեգորիաներում կհայտնվեն: Ցուցակում ընդգրկվել են հիմնականում Աֆրիկայի և Կարիբյան ավազանի երկրները։
Հրատարակության համաձայն՝ մուտքի նոր սահմանափակումների նախագիծը մշակում են դիվանագետներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նրանք նաև առաջարկություններ են անում քաղաքական դրդապատճառներով վերանայել երկրների ցանկը։