Ինտրիգը պահպանվում է
Երեկ Բաքվում մեկնարկել է COP29-ը, որին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական Երևանը դեռևս որոշում չի ընդունել:
«Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելը իրենց որոշումն է»,- երեկ ասել է Իլհամ Ալիևը:
«Ցավում ենք, որ Հայաստանի պատվիրակությունը մինչ օրս չի պատասխանել COP29-ին մասնակցելու հրավերին»,- սա էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի արձագանքն է:
Առհասարակ, պետք է հասկանալ, թե ինչ մոտիվներ կարող էին Արարատ Միրզոյանին տանել Բաքու կամ հակառակը՝ խոչընդոտել նրա մասնակցությունը COP29-ին:
Նիկոլ Փաշինյանի համար իդեալական կլիներ, եթե մինչև այս համաժողովը կամ նույնիսկ դրա ընթացքում կնքվեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր: Այդ պարագայում միանգամայն արդարացված կլիներ պաշտոնական Երևանի մասնակցությունը COP29-ին:
Նման հեռանկարն այլևս բացառված է, որովհետև օրերս Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն միայն համաժողովից հետո:
Նվազագույնը, ինչը կարդարացնի Արարատ Միրզոյանի մասնակցությունը Բաքվի համաժողովին, դա որոշ թվով գերիների ազատ արձակումն է:
Դատելով Բաքվի արձագանքից՝ կողմերը գոնե մինչև այս պահը համաձայնության չեն եկել անգամ այդ հարցում:
Նման իրավիճակում ոչ միայն վիճահարույց է Արարատ Միրզոյանի մասնակցությունը Բաքվի համաժողովին, այլ տեսանելիորեն կասկածի տակ է դրվում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետությունը COP29-ից հետո:
Սուրեն Սուրենյանց