Ջերմուկում տեղակայված ՌՈ անցակետերը դեռևս չեն հանվել․ ՊՆ

Ջերմուկում տեղակայված ՌՈ անցակետերը դեռևս չեն հանվել․ ՊՆ

Արդեն հայտնել ենք, որ գրեթե 20 օր աշխատանքային դադարից հետո Ջերմուկում հյուրանոցներն անցնում են իրենց բնականոն աշխատանքին։

«Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում։

Թեև հյուրանոցատերերը որոշել են աշխատելով աջակցել պետությանը, բայց և այնպես, կան խնդիրներ, որոնք դեռևս խանգարում են իրենց։

«Քաղաք մուտք ու ելք գրեթե չկա՝ ՊՆ անցակետերի պատճառով»,- նշում են հյուրանոցային բիզնեսով զբաղվողները։
MediaHub.am-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարություն՝ հասկանալու, թե արդյոք կա՞ որոշում՝ տեղակայված անցակետերը հանելու վերաբերյալ։

«ՌՈ հենակետերը անվտանգության որոշ նկատառումներից ելնելով դեռևս չեն հանվել: ՌՈ հենակետերը չեն խոչընդոտում քաղաք ելումուտը, ընդհակառակը, անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացմամբ նպաստում են քաղաքի՝ բնականոն կյանք վերադարձի գործընթացին»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նարե Գնունի