Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը:
Ելույթի սկզբում Դավիթ Բալայանը կարեւորել է իր հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետեւ մանրամասնել Դատավորների ընդհանուր ժողովում ինքնաառաջադրվելու, ապա մրցութային կարգով ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելու շարժառիթներն ու նկատառումները: «Քրեական արդարադատության ոլորտում իմ մասնագիտական փորձառությունը եւ գիտելիքներն էապես կնպաստեն քրեաիրավական հարցերով սահմանադրական արդարադատության կայացմանը»,- համոզմունք է հայտնել Դավիթ Բալայանը: Թեկնածուն անդրադարձել է դատական ոլորտում իր մասնագիտական գործունեությանը, կայացրած դատական ակտերի իրավաչափությանը, օրենսդրական բարեփոխումների հարցում նախաձեռնողականությանը, խոսել բարեփոխված Սահմանադրության որոշ դրույթներով առաջարկվող կարգավորումների, ՄԻԵԴ որոշ որոշումների մասին:
Հարցուպատասխանի ձեւաչափում թեկնածուն անդրադարձել է պատգամավորներին մտահոգող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են 2018 թվականից հետո համակարգում տեղի ունեցած փոփոխություններին, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին, Սահմանադրական դատարանի գործառույթներին, ներկայացրել սահմանադրական հնարավոր փոփոխությունների, սահմանադրական արդարադատության վերաբերյալ իր պատկերացումները:
Գաղտնի քվեարկության արդյունքում Դավիթ Բալայանը չի ընտրվել: