Ասում ա՝ «ապագա կա՛», ես էլ ասում եմ՝ սենց ապագան ո՞ւմ ա պետք, լավ չէ՞ր մե ռնեի, չտեսնեի
Շաբաթ օրը՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, Սյունիքում անհանգիստ էին։ Գորիսի բնակիչները լսել էին, որ ՔՊ-ն այց է կատարում Կապան, սակայն ո՞ր ժամին ու որտե՞ղ ու թե ի՞նչ է քննարկվելու, դրանք հայտնի չէին։
«Արդեն, որ դեպի մեր կողմերը գալիս ա՝ վախենում ենք։ Մի կողմից անընդհատ խոսում է սահմանազատված տարածքների մասին, մյուս կողմից թշնամին հե՜ն է, Գորիսի վերևը նստած մեզ ա նայում։ Հա, մենք ուզում ենք սահմանագծված տարածք, բայց արդյո՞ք թուրքը հետ կքաշվի։ Ոչ, ամեն օր ասում են՝ «Զանգեզուրի միջանցք», գիտե՞ք՝ դա 5 կմ-անոց ճանապա՞րհ ա, դա ամբողջ Սյունիքի մարզն ա, իրանց ասած «Արևմտյան Ադրբեջան» են ուզում ստանան Նիկոլից։ Ոնց մարսեցինք Ղարաբաղը, Սյունիքն էլ կմարսենք»,- MediaHub-ին ասում է գորիսեցի 76-ամյա Գրիգորի պապը։
Հրադարարի պահպանման ռեժիմն այս ուղղությամբ երկար ժամանակ է չի խախտվում։ Բայց 2022-ի ռազմական գործողությունների ձայներն առ այսօր էլ երբեմնի խաղաղ քաղաքի բնակիչների ականջներում է։ Վախեցել էին։
«Մեզանից էլի հեռու են, բա կապանցիներն ի՞նչ ասեն, «աէրոպորտից» մի քանի մետր հեռու կանգնած են, մեր «սամալյոտները» իրանց դրոշի տակ են կանգնում։ Ասում ա՝ «ապագա կա՛», ես էլ ասում եմ՝ սենց ապագան ո՞ւմ ա պետք։ Լավ չէ՞ր, մեռնեի, չտեսնեի։ Չէ, Սյունիքը ապագա չունի»,- ասում է տղամարդը, ապա նշում գյուղերի անուններ, որ դարձել են Հայաստանի դարպասը։
«Բարձրավանը, Շուռնուխը, Որոտանը, Հարթաշենը, Վերիշենը, Տեղը, Խոզնավարը, Արավուսը, Ներքին Հանդը։ Երբ ուզեն, կմտնեն, բայց դա ո՞ւմ ա հետաքրքրում։ Կամ, ավելի ճիշտ, էս երկիրը ղեկավար ունի՞»,- ասում է նա։
Գորիսում համատարած անհանգստություն է։ Նախորդ տարիներին հյուրատները լեփ-լեցուն էին զբոսաշրջիկներով, իրենք էլ աշխարհին ներկայացնելու շատ բան ունեն․ տեսարժան վայրեր, թանգարաններ, արկածային տուրիզմ և ավանդական խոհանոց։ Բայց այսօր քաղաքում դատարկություն է, քանի որ դեսպանատներում իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս չգնալ Սյունիք, վտանգավոր է։
Հունան Թադևոսյան