Փաշինյանը Ալիեւին միջանցք է խոստացել, հաջորդ փուլում այդ հարցն է լինելու․ քաղաքագետ

Հայաստանի տարածքում ճանապարհներ են կառուցվում, Փաշինյանը Ալիեւին միջանցքը խոստացել է․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Օրերս Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստին Ալիեւը հայտարարել է՝ ժամանակն է, որ Երեւանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ալիեւը նաեւ նշել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները․
«Ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը եւ անկլավները»,-ասել է նա։
Քաղաքագետն ասում է՝ Ալիեւի այս հայտարարությունը երկու տեսանկյունից պետք է դիտարկել. առաջինը, որ այն տեղեկություններ է պարունակում,, որ Հայաստանի հանրությունից գործող իշխանությունը թաքուն է պահում պետության ճակատագրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ դեպքում՝ այն ավելի շատ նման է ուլտիմատումի, վերջնագրի։
«Փաշինյանը հրապարակավ ԱԺ-ում ճանաչել է անկլավների գոյությունը, իսկ կուլիսների հետեւում էլ Ալիեւին է տվել այդ խոստումը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը խոստումներ է տվել նաեւ միջանցքի վերաբերյալ։ Տեսնում ենք, որ Հայաստանի տարածքում ճանապարհներ են կառուցվում։ Կարծում եմ, որ միջանցք է խոստացել Ադրբեջանին, և դա կլինի հաջորդ քայլը։ Ինչի համար է սա հնչում որպես վերջնագիր, որովհետեւ զուգահեռ տարածաշրջանում տեղի են ունենում նոր իրադարձություններ»,-ասաց նա։
Ստեփան Դանիելյանի խոսքով վատացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, ինչն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
«Ռուս-թուրքական հարաբերություններն են վատացել, Թուրքիան հնարավոր է սկսի Ուկրաինային զենք մատակարարել։ Այս տեսանկյունից ուշագրավ է նաեւ, որ Իսրայելի պաշտպանության նախարարն է այցելում Ադրբեջան։ Ալիեւը սպառնում է կա՛մ Հայաստանը պետք է ստորագրի այն ամենի տակ, ինչի մասին ստվերային պայմանավորվածություններ է ձեռք բերվել ժողովրդի մեջքի հետեւում, կա՛մ սա կարելի է համարել նոր պատերազմի սպառնալիք»,-հավելեց նա։
Լիա Սարգսյան