Գետքի և ևս 2 գյուղի դպրոց ուզում են փակել, Երազգավորսին միացնել․ ինչի՞ համար․ գյուղապետ

Մեր դպրոցը 182 աշակերտի համար է նախատեսված, ամեն ինչ իր տեղում է, նորոգված, բարձրակարգ, երկհարկանի։ Հիմա այդ դպրոցը որոշել են փակել ու մեր 55 աշակերտին ուղարկել Երազգավորսի դպրոց։ Նախագիծ են մշակում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանը։
«Հանրապետությունում 273 դպրոց պետք է փակվի, ըստ այդ նախագծի, ու Գետք, Ղարիբջանյան, Բայանդուր գյուղերի դպրոցները պետք է միանան Երազգավորսի դպրոցին։ Գետքի դպրոցը դժվարությամբ բերել ենք այն տեսքին, որ երեխաները սիրով այցելեն, սակայն ասում են, որ պիտի Երազգավորս գնան, ինչի՞ համար, այդ գյուղը մեր գյուղից 3,5 կմ հեռու է, Ղարիբջանյանից էլ 5 կմ է հեռու»,- ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ դպրոցը կրթական որակով նույնպես լավն է, տարեկան 6-7 շրջանավարտի 99-100 տոկոսն էլ համալսարան է ընդունվում։
«Ուսուցիչներն ու աշակերտներն այսօր ակցիա են արել, բայց իշխանությունները նույնիսկ հարկ չեն համարել, որ հետաքրքրվեն։ Այս տարի շվեյցարիական աջակցությամբ նաև պետք է մանկապարտեզ հիմնելու հարցը քննարկվեր, բայց դա էլ չստացվեց։ Գյուղում ո՛չ մանկապարտեզ կա, ո՛չ Մշակույթի տուն ու հիմա էլ դպրոցն են փակում։ Փոքր համայնք է, մշակույթ ասվածը սպանում են, մի դպրոց էր, որը հպարտություն էր մեզ համար, սա էլ հունվարի 1-ից չի լինի»։
Մխիթարյանի խոսքով՝ խնդիրը ներկայացվելու է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ Շիրակի մարզպետին։
«Եթե գործընթաց են սկսել, ոչ էլ հետ կկանգնեն»,֊ հավելեց նա։
Լիաննա Թորոսյան