Դեռ չունեմ որոշում՝ կվերցնե՞մ մանդատը, թե՝ ոչ․ Ղազինյանին փոխարինող Արգիշտի Գևորգյան

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի՝ պատգամավորական մանդատ ստանձնելու հերթը ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանինն է։
Կվերցնի՞ արդյոք մանդատը Արգիշտի Գևորգյանը․ հացրի պատասխանն ինքն էլ չունի։ MediaHub.am-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ ինքն էլ է նոր լսել, որ պատգամավորական մանդատը վերցնելու հերթն իրենն է։ «Բայց ես որոշում չունեմ՝ վերցնելո՞ւ եմ մանդատը, թե` ոչ։ Երբ պատերազմից հետո դիրքերից իջա, միակ բանը, որ հստակ գիտեի՝ այս չարիքի իշխանության դեմ պայքարելու անհրաժեշտությունն էր»,- ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ լինի փողոցում, թե ԱԺ ամբիոնից, իր պայքարը նունն է լինելու՝ հանուն հայրենիքի, հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի։ Դիտարկմանը, որ հատկապես հիմա շատ է քննարկվում հարցը, թե ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները ու միայն փողոցում պայքար մղի, Գևորգյանն արձագանքեց՝ ասելով, որ այս պահին մարտավարությունն այնպիսին է, որ պետք է նաև ԱԺ ամբիոնից պայքար մղվել, քանի որ Սահմանադրությամբ այլ տարբերակ չկա, ԱԺ-ին փոխարինող հարթակ չկա։
«Բայց, ընդդիմադիր գործիչներից և որևէ մեկը աթոռից ու մանդատից կառչած չէ, ու ցանկացած պահի պատրաստ է մանդատը վայր դնել։ Ու եթե ես էլ վերցնեմ մանդատը, ապա վստահ, ես էլ եմ այդ պատրաստակամությունն ունենալու»,- շեշտեց Արգիշտի Գևորգյանը։
Նշենք, որ Արգիշտի Գևորգյանը ծնվել է 1992 թվականի մարտի 3-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժինը, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան: 2014 թ.-ից աշխատում է «Խարբերտ ՇԻՆ» ՍՊԸ-ում որպես անվտանգության ճարտարագետ, իսկ 2016 թ.-ից որպես գլխավոր ճարտարագետ: 2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը:
Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանական Բանակում: Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Հանդիսանում է ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ: ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:
Նարե Գևորգյան