Հաջորդ շաբաթ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն Նյու Յորքում

Հաջորդ շաբաթ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն Նյու Յորքում

Սեպտեմբերի 19-26-ը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում կբացվի Բարձր մակարդակի շաբաթ, որին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների առաջնորդներ, ԱԳ նախարարներ: 

MediaHub-ի տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնելու է Նյու-Յորք:

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցելու է Բարձր մակարդակի շաբաթին:

MediaHub-ի հարցմանը` ճի՞շտ են մեր տեղեկությունները, նախարարը այս տարի և՞ս մասնակցելու է Բարձր շաբաթին, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնեց. 

«Միջոցառումներին ավելի մոտ ամսաթվին կհայտնենք»։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տրամաբանական է՝ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները Բաքուն ստացել է և ինչպես երեկ հայտնի դարձավ՝ իր փաթեթը հետ է ուղարկել:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը նախորդ տարիներին՝ 2021-ին և 2022-ին մասնակցել է ՄԱԿ ԳԱ նստաշրջանի աշխատանքներին: Անցած տարի ՄԱԿ ԳԱ աշխատանքներին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կմասնակցի ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նրա այցը Նյու-Յորք նախատեսված է սեպտեմբերի 17-21-ը: 
Կմեկնի արդյոք Փաշինյանը Նյու-Յորք այս պահին հայտնի չէ: Ադրբեջանի նախագահի այցի մասին ևս որևէ տեղեկություն չկա: 

Այս տարի Բարձր մակարդակի շաբաթին կմասնակցեն 193 ՄԱԿ անդամ պետությունների նախագահներ ու վարչապետեր: