Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել, Փաշինյանը նոր հրահանգ է տվել զլմ-ների դեմ. Մամուլը՝ սուրճով

Տիրան Խաչատրյանին  քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել, Փաշինյանը նոր հրահանգ է տվել զլմ-ների դեմ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. 

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ իրեն հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, եւ ինքն ինչ-ինչ պատճառներով չի ներկայացել: «Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել»,- մեզ ասաց Խաչատրյանը: Իսկ գուցե ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է հրավիրել, այլ միջնորդավորվա՞ծ հրավեր է եղել։ «Եթե ես ասում եմ՝ հրավեր չի եղել, ես ասում եմ` Անդրանի՞կը, թե՞ Կանդրանիկը: Հրավեր առհասարակ չի եղել, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու»։

Խաչատրյանը չի պատրաստվում գնալ մի տեղ, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես ցանկանում են։ Թե ինչու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնակցեց հանձնաժողովի նիստին, Գասպարյանի երբեմնի տեղակալը չի կարող ասել, թեպետ նախապես իմացել է, որ գնալու է․ «Գնալուց հետո չեմ խոսել հետը»: Իսկ խորհուրդ չտվեցի՞ք, որ չգնա։ «Դե, հիմա»։ ՔՊ խմբակցությունից մեզ պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Տիրան Խաչատրյանը հանձնաժողովի նիստերին ներկայանալու փոխարեն իրեն առաջարկել է հանդիպել «տեցի կռուգում», ասե՞լ եք նման բան:

Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։ Բանակում 5-րդ շարասյան մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե եղել է, թող զբաղվեն»։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ։ Նախագիծն ուղարկվել է Արցախի Գերագույն դատարան, որտեղ կորոշվի հիշյալ  փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: Թեեւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանն ավելի վաղ եզրակացություն տա, եւ նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության։

«Հրապարակ» թերթը գրում է. 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Պատվիրակությունը բաղկացած է 14 հոգուց՝ 6 պատգամավոր, մյուսները` ԱԺ աշխատակազմից: ԱԺ նախագահի հետ Բեռլին կմեկնեն նաեւ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Թադեւոս Ավետիսյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ով հաճախ է ընդգրկվում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակություններում։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընկնելիս վնասել էր արմունկը, ապա, իր իսկ փոխանցմամբ, բարդ վիրահատության էր ենթարկվել եւ, ըստ ամենայնի, վիրակապով է մեկնելու Բեռլին։ Սակայն ԱԺ-ից մեզ վստահեցրին, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման։

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է։ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը գործը կարճելու միջնորդություն է ուղարկել դատախազություն: Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Փաստաբանը չհերքեց, որ միջնորդություն է ներկայացրել, սակայն ասաց` իրեն հայտնի չէ՝ գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ: Բայց հավելեց, որ տեւական ժամանակ է՝ Ծառուկյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։

Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, եւ որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Այդ գործի շրջանակներում 2020-ին կալանավորվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց:

Մանուկյանի դեմ ցուցմունք տված միակ անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն էր, ում ցուցմունքը, ըստ էության, բավարար չէր Մանուկյանին պատժելու համար: Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ Մանուկյանի դեմ հարուցված գործը կարճվել է, ինչից հետո բնական է, որ Ծառուկյանի պաշտպանի միջնորդությունն ԱԱԾ-ն պետք է բավարարի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ է առկա պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ:

Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն եւ այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են:

Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին եւ լրագրողներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում է եւ, հնարավոր է, նշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ:

Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք ամենեւին էլ միայն հայրենասիրությամբ չեն պայմանավորված: Արցախում համառ լուրեր են պտտվում, որ նախկին գլխավոր դատախազն իրականում ուզում է վերջին օգուտները քաղել բզկտված Արցախից։ Բանն այն է, որ նրա դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, եւ մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին եւ վայելել բարձր թոշակը։

Նշենք, որ Դավթյանը դատախազության համակարգում է 2006-2007թթ-ից /պաշտոնական կենսագրություն/։ Ստացվում է, որ նա ունի ընդամենը 16 տարվա դատախազի աշխատանքային ստաժ։ «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը սահմանում է. «… 4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ 1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանի 16-ամյա ստաժն անբավարար է բարձր թոշակի համար։

Զուգադիպությու՞ն է. հնարավոր է. ժամանակը ցույց կտա։ Ամենագարշելին, սակայն, այն է, որ պետության, հայրենիքի բարոյականության, հայրենասիրության, բարձր արժեքների մասին ճռճռան խոսքեր ասողներն ապացուցում են, որ առաջնորդվում են բացառապես անձնական շահով, իսկ արյունաքամ լինող Արցախից անգամ հիմա օգուտ պոկողների բարոյական նկարագիրը հանրությունը կտա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արեւելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին:

Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Ի դեպ, այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:

«Հրապարակ» թերթը գրում է. 

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը (Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) դատախազությունում կարողացել է ապացուցել իրեն պատկանող գույքի օրինական ծագումը։ Հիշեցնենք, որ Արման Սահակյանն անցնում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, դատախազությունը դեռեւս 2021 թվականին նրան պատկանող գույքի օրինականությունը ստուգելու հետ կապված ուսումնասիրություններ էր սկսել, Արման Սահակյանին պատկանող գույքի ու հաշիվների վրա կալանք էր դրվել։ Մենք զրուցեցինք Սահակյանի շահերի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Սահակյանի գույքի օրինականությունն ամբողջությամբ ապացուցվել է, եւ ուսումնասիրությունները դադարեցվել են։ Ի դեպ՝ բոլոր հարուցված գործերից սա առաջինն է, որտեղ մարդն ապացուցել է իր «անմեղությունը»՝ իր գույքի ձեռքբերման հիմքերը՝ մինչեւ վերջին լուման, ներկայացրել է դատախազություն։

«Բավականին երկարուձիգ գործընթաց տեղի ունեցավ, որի ժամանակ դատախազության կողմից պահանջված բոլոր հարցերին վերաբերող փաստաթղթերը մանրակրկիտ ներկայացրել ենք դատախազություն եւ ուսումնասիրության արդյունքում այս պահին, ճիշտ է` դադարեցման վերաբերյալ որեւէ հստակ որոշում, տեղեկատվություն չունենք, բայց մեր վստահորդի գույքերի վրայից, հաշիվներից կալանքը հանվել է, որովհետեւ մենք պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, բոլոր հարցադրումներին, որոնք հետաքրքրում էին դատախազությանը, ողջամիտ պատասխաններ ենք ներկայացրել եւ դրանք հիմնավորող ապացույցներ»,- պատասխանեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ Արման Սահակյանի ընտանիքի բոլոր անդամների հաշիվներից է կալանքը հանվել․ «Ուսումնասիրությունները ոչ միայն կնոջ, այլեւ ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ էին, եւ կնոջը պատկանող գույքի, աշխատավարձի հաշիվների վրա էր կալանք դրված, ամեն դեպքում՝ բոլորը բացվել է, որեւէ խնդիր չունենք այդ մասով»։

Փաստաբանին հարցրինք՝ սա առաջի՞ն դեպքն է, երբ ուսումնասիրության փուլում անձն ապահովում է իր գույքի օրինականությունը։ «Իմ ունեցած տեղեկություններով, նախ՝ սա առաջին գործերից էր, որով ուսումնասիրություններ էր սկսել դատախազությունը, եւ, իմ ունեցած տեղեկություններով, առաջին դեպքն է, որ քննություն է կատարվել, հաշիվներն են բացվել, կալանքներն են դուրս եկել։ Ամեն դեպքում, մենք այդ մասով մեր գոհունակությունն ենք հայտնում այն առումով, որ դատախազության հետ մեր աշխատանքներն այդ մի քանի ամիսների ընթացքում շատ արդյունավետ ենք գնահատում, փոխադարձ կապը միշտ մատչելի է եղել, փաստաթղթաշրջանառությունը՝ նորմալ, այդ մասով որեւէ խնդիր չենք տեսել»,- պատասխանեց փաստաբանը։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով առաջին հայցերը 2021 թվականին են ուղարկվել դատարան, մինչ այժմ միայն 1 գործով կա դատարանի վճիռ, որով դատախազությունն ու պատասխանողը հաշտություն են կնքել, այսինքն՝ պատասխանողն ընդունել է իր գույքի ապօրինի ծագումը, եւ դրա մի մասը բռնագանձվել է։ Իսկ, առհասարակ, այս օրենքն ու ուսումնասիրությունները հակասում են իրավունքի նորմերին․ այս պարագայում ոչ թե իրավապահներն են ապացուցում մարդու մեղքը, այլ մարդն ինքն է ապացուցում, որ անմեղ է, եւ իր ձեռք բերած գույքը հիմնավորում է փաստաթղթերով եւ տարիների ընթացքում ստացած օրինական եկամտի մասին ապացույցներով։