Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները: Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը: Մյուս բոլորին ասվել է` աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք` ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք: Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում: