Արմեն Փամբուխչյանը՝ նախարար․ դա՞ էր Փիլոյանի կալանավորման պատճառը

Արմեն Փամբուխչյանը՝ նախարար․ դա՞ էր Փիլոյանի կալանավորման պատճառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Փամբուխչյանը երեկ ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից:

Փամբուխչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2020թ. դեկտեմբերից:

Իհարկե, Փամբուխչյանը չի պատժվում, չի հեռացվում պետական համակարգից, նա այսօր նշանակվելու է ավելի բարձր պաշտոնի։ Նախագահ Վահագն Խաչատրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Թերևս, հենց այսօր Խաչատրյանը կստորագրի նոր նախարար նշանակելու մասին հրամանագիրը։

Սպասվող նշանակումն ամենևին էլ անակնկալ չէ։

Արմեն Փամբուխչյանը Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է ու միանգամայն ընկալելի է, որ նա դառնում է կաբինետի անդամ։ Փաշինյանը կառավարությունում պարբերաբար «զտումներ» է անում՝ իշխանության վերնախավում իր յուրայիններին նշանակելու համար։

Իհարկե, կարող ենք քննարկել Փամբուխչյանի պրոֆեսիոնալ, մասնագիտական հատկանիշները, նրա համապատասխանելիությունը նոր պաշտոնին, սակայն դա անիմաստ թեմա ենք համարում՝ առնվազն այն պատճառով, որ դիլետանտիզմը դարձել է գործող իշխանության հիմնական այցեքարտերից մեկը։

Այսօրվա կադրային նշանակման ինտրիգներից մեկը մի փոքր այլ ենթատեքստ ունի։

ԶԼՄ-ներում օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ Փամբուխչյանին նշանակելու մտադրություն Փաշինյանն ավելի վաղ է ունեցել ու նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին որոշ ժամանակ առաջ առաջարկել է ինքնակամ հեռանալ պաշտոնից։ Ասում են՝ գեներալը, ով այժմ կալանավորված է, մերժել է ինքնակամ հեռանալու Փաշինյանի հորդորը, ինչին էլ հաջորդել են աղմկահարույց քրեական գործն ու նրա կալանավորումը։

Արդյո՞ք քրեական այդ գործի հիմնական մոտիվն այն է եղել, որ Փիլոյանից ազատվել են ուզել ու համատեղել են հաճելին օգտակարի հետ։ Մի կողմից, նախարար դառնալու ճանապարհ են բացել յուրայինի համար ու նաև՝ «հաճելի» PR են կառուցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի «անողոք պայքարի» թեմայով։

Վահրամ Բագրատյան