Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Թրամփն «օրենքով գող» չէ, որպեսզի շրջանցելով օրենքները նրան դիմեն գերիների վերադարձի հարցով

Blog Image

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ իբր ամենուր բարձրացնում է ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, բայց միևնույն ժամանակ հրաժարվում միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացվող հայցերից։

Միջազգային հարաբերություններում որևէ կողմի վրա իրավաբանորեն ազդելու ու ճնշում գործադրելու միայն մի ճանապարհ կա՝ միջազգային ատյանները։ Եթե դու հրաժարվում ես այդ գործիքակազմից ու հարցի լուծմանը ցանկանում հասնել տարբեր պետությունների ղեկավարներին դիմելով, ապա դու իրականում ընդհանրապես չես ձգտում հարցին լուծում տալ։ 

Իշխանական լրատվամիջոցները որպես հաջողություն են ներկայացնում այն, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում Թրամփին դիմել է գերիների վերադարձի հարցով, նա էլ ասել է, թե՝ «կասեմ՝ ազատ կարձակեն»։

Նախ՝ Թրամփը կարող է և չասի, քանի որ այդ հարցը չի տեղավորվում նրա առաջնահերթությունների շարքում։ Երկրորդը՝ Ալիևը կարող է մերժել Թրամփին։

Երրորդը՝ Թրամփն «օրենքով գող» չէ, որպեսզի շրջանցելով օրենքներն ու միջազգային ատյանները դիմեն օգնության խնդրանքով, նա էլ «իտոգ» տա տարաձայնություններին։ Ի դեպ, Թրամփը գուցե իրեն երևակայում է քրեական հեղինակություն, հայտարարելով, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ լինեն, ապա կարող են զանգել իրեն, բայց պետությունները հարաբերվում են միջազգային պրակտիկայում ընդունված խաղի կանոններով, ստորագրված փաստաթղթերով ու ստանձնած պարտավորություններով, այլ ոչ թե ապավինում որևէ մեկի զանգին։

Եթե Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ ներկայացվող հայցերից, ապա մնացածը ընդամենը գեղարվեստական ֆիլմի սցենարներ են ու մտահոգության իմիտացիա։

Չի բացառվում, որ Ադրբեջանը իրոք վերադարձնի մեր ռազմագերիներին, ինչն ի սրտե ուրախանալու առիթ է, բայց արդեն իսկ պարզ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակելու են մնալ Բաքվի բանտում։
Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Ալիևի հետ խաղաղության կնքման առանց մեր հայրենակիցներին վերադարձնելու, ուրեմն նա համաձայն է վերջինիս ներկայացրած բոլոր մեղադրանքներին, հակառակ դեպքում այդ հարցը ամրագրված կլիներ գոնե «խաղաղության համաձայնագրի» հոդվածներում, կամ առնվազն կնշվեր, որ հարցին լուծում կտրվի պայմանագրի վերջնական կնքման դեպքում։

Կարեն Կարապետյան

Send