«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան

«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան

Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով: 

Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանն ասել է, որ «այնպիսի բան, որը տեղի է ունեցել, կարող էր միայն Բաքվի բանտում տեղի ունենալ»։

«Սամվելին չոքացնում են, գլխին հարվածում են, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով` արժանապատվությունը նվաստացնող: Հետո ստիպում են, որ այդ հայհոյանքները կրկնի, նա չի կրկնում, թքում են վրան: Հետո իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում: Ծեծը տևել է 3-4 րոպե, հետո քաշելով հետ են բերել, ուղեկցող ոստիկանները հետ են եկել: Սամվելը հեռացել է, ասել են քեզ ինչ եղավ, նոր լավ էիր, իբր տեղյակ չեն»,– ասել է Հարությունյանը։

Իր հերթին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ երեկ կեսգիշերին տեղի է ունեցել մի աննախադեպ բան, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ռեժիմի հետագա դեկրատացիայի մասին է խոսում և հերթական քայլն է դեպի գահավիժում։ 

«Տեղի է ունեցել  մի սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ,  ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո, պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար,  որովհետև նա ձերբակալված է։

Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»։