Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում 

Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում 

Տավուշցիների պահանջը մեկն է՝ չթողնել իշխանությանը հանձնել տարածքներ սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Տավուշի տարբեր բնակավայրերի բնակիչներ իրենց դժգոհությունը և անհամաձայնությունն են հայտնում` անհնազանդության ակցիաներ իրականացնելով, փակելով մարզային ու միջպետական նշանակության, մասնավորապես, Հայաստան-Վրաստան ճանապարհը:

MediaHub-ը կապ հաստատեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, որը հավաստիացրեց, որ այսօր էլ կիրանցիները ճանապարհ են փակել։

«Նույն վիճակն ա, ինչպես գիտեք։ Ճանապարհները փակ են, ինչպես եղել ա, այսօր էլ ա այդպես։ Միայն Կիրանցի ժողովուրդը չի, սահմանի վրա այնտեղ ճանապարհի վրա ժողովուրդ կա կանգնած, փակ էլ են ճանապարհը»,– ասաց Կամո Շահինյանը։

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանության աշխատողներն այսօր ուժ են գործադրում ճանապարհը բացելու համար, մեր զրուցակիցը նշեց՝ ոչ. «Ո՛չ մի բառով, ո՛չ մի տառով»։ 

Նա նաև տեղեկացրեց, որ Կիրանցում շարունակվում է դասադուլը։

Հիշեցնենք, ապրիլի 23-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։ Այդ օրվանից որոշվում է Փաշինյանի ասած «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի»-ն։ Տավուշցիները ոտքի են կանգնել, փակում են մարզային ճանապարհներ, որ թույլ չտան իշխանությանը իրականացնել սահմանազատման գործընթացը։

Մարիաննա Արամյան