Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են ռեյդով տիրանալ բիզնեսին

Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են ռեյդով տիրանալ բիզնեսին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Wildberries ընկերության հիմնադրի ամուսին Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո հայտարարել է ռուսական խոշորագույն շուկաներից մեկի դեմ «բաց և լկտի հարձակումների մասին»:

Վլադիսլավ Բակալչուկը Wildberries-ի համահիմնադիրն է և Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատեր Տատյանա Բակալչուկի ամուսինը։

Wildberries առցանց խանութի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել էր հունիսի 18-ի երեկոյան։ РБК-ի աղբյուրներն այնուհետ հայտնել էին, որ նոր միավորված ընկերությունների խմբի գործադիր տնօրենը կդառնա Ռոբերտ Միրզոյանը։

«Ռեյդերները հեռացրել են Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու միմյանց և շփվելու՝ գոնե քննարկելու, թե ինչ է կատարվում»,- գրել է Չեչնիայի ղեկավարն իր տելեգրամյան ալիքում։

«Ես գիտեմ, որ այս ռեյդի լծակները Լեւան ու Ռոբերտ Միրզոյան եղբայրների ձեռքերում են, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»,- ասել է Կադիրովը։

Ռոբերտ Միրզոյան

 

Ըստ Forbes-ի՝ Միրզոյանն ու Տատյանա Բակալչուկը նամակ են հղել Պուտինին։ Նրանք գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակից» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և վճարային համակարգը ռուբլով հաշվարկների համար ամբողջ աշխարհում՝ շրջանցելով SWIFT-ը»:

Կադիրովը հայտարարել է, որ «իմ հանձնարարությամբ այդ հարցով կզբաղվի իմ սիրելի ԵՂԲԱՅՐ, ՌԴ Պետական ​​դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը»։