ԿԲ-ն նորից իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որ խթանի գնաճը 

ԿԲ-ն նորից իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որ խթանի գնաճը 

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում հերթական անգամ որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%։ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԿԲ-ն գրեթե ամեն ամիս նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ դա բացատրելով գնաճի տեմպեը կարգավորելու նպատակահարմարությամբ, քանզի սկզբնական շրջանում ավելացնում էր, որպեսզի զսպի գնաճը, հիմա նվազեցնում է, որ խթանի գնաճը՝ հասցնելով նպատակային 4 տոկոսանոց ցուցանիշին։ Ըստ ԿԲ-ի՝ 2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%:

2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: 

Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ որոշակի ռիսկեր: 

Վահե Մակարյան