Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաշեն գյուղում գտնվող «Անուրջներ» կոչվող հանգստյան վայրի հարակից տարածքում հողային քանդման աշխատանքներ կատարելիս էքսկավատորը կողաշրջվել է և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված «Hyundai» մակնիշի էքսկավատորի մոտից պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վիրավորին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների հողային և քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ «Hyundai» մակնիշի էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում։