Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ում իր ուղերձի ժամանակ հուզվել է՝ խոսելով պատերազմի և կորուստների մասին (Տեսանյութ)

Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ում իր ուղերձի ժամանակ հուզվել է՝ խոսելով պատերազմի և կորուստների մասին (Տեսանյութ)

«Միսս Աշխարհ 2025»  միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանն այսօր իր ուղերձն է հղել աշխարհին. տեսանյութը տեղադրել է Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթում Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները:

«Տիկնայք և պարոնայք։

Ես Ադրինե Աճեմյանն եմ և ներկայացնում եմ Հայաստանը։ Ինձ համար պատիվ է, որ հնարավորություն ունեմ կանգնելու այս միջազգային հարթակում։

Ես 19 տարեկան եմ ու արդեն աշխատում եմ կինոյի ասպարեզում։ Սա իմ մանկության երազանքն է եղել։ Արդեն որպես չափահաս անելով իմ առաջին քայլերը` ցանկանում եմ ցույց տալ ինձ նման աղջիկներին, որ երազանքները կատարվում են։

Իմ ուղերձն այն է, որ գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ։ Գեղեցկությունը նաև այն է, թե ինչ ես անում և ինչպես ես օգնում համայնքիդ։

13 տարեկանից ակտիվորեն մասնակցում եմ բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Դաունի համախտանիշով, աուտիզմով երեխաներին, ինչպես նաև իմ մասնակցությունն եմ բերել քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին նվիրված միջոցառումների։

Ես ցանկանում եմ իմ կյանքը նվիրել այս կարևոր առաքելությանը։ Օգնել խնդիրներ ունեցող երեխաներին՝ սա եմ տեսնում որպես իմ կյանքի առաքելություն։

Ես ներկայացնում եմ Հայաստանը՝ մի երկիր, որն անցել է պատերազմների, Ցեղասպանության և գոյատևման ճանապարհով։ Նույնիսկ իմ սերունդը արդեն մի քանի պատերազմ է տեսել։ Ես կորցրել եմ ընկերներ․․․

Անարդար պատերազմի պատճառով երիտասարդ կյանք կորցնելը ամենածանր բանն է։ Բայց ամենաշատը տուժում են երեխաները։ Նրանք չպետք է անցնեն այդ աղետով։ Նրանք չպետք է կորցնեն ծնողներին ու իրենց տները,  չպետք է փախչեն ռումբերից։

Այսօր ես այստեղ եմ՝ խաղաղության կոչով՝ խաղաղություն իմ երկրում և ամբողջ աշխարհում։ Իմ ուղերձն աշխարհին խաղաղության համար պայքարելն է, որովհետև խաղաղությունը հենց երջանկությունն է։

Շնորհակալություն բոլորին, և թող Աստված օրհնի աշխարհի բոլոր երեխաներին»,-իր խոսքում նշել է Ադրինեն:

Տեսանյութն՝ այստեղ