Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ իրականացվում են անօրինական գործողություններ

Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ իրականացվում են անօրինական գործողություններ

Վերջին տասը օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ Վրաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվել են չհիմնավորված և անօրինական գործողություններ։ Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ՍՊԸ համասեփականատեր Հայկ Շահնազարյանը։

«ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվող բեռները Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ հետագա լաբորատոր փորձաքննության համար։

Քանի որ բեռները Վրաստանի տարածքով անցնում են որպես տարանցիկ բեռներ, նման գործողությունների համար ոչ իրավական հիմք, ոչ էլ անհրաժեշտություն չկա,- նշեց նա։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Վրաստանի պետական մարմինների կողմից իրականացված գործողությունների հետևանքով ՀՀ տնտեսվարողները կրել են ֆինանսական և այլ տեսակի վնասներ, քանի որ բեռները շուրջ 10 օր է՝ արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։

«Արտահանողները, իրենց իրավունքների պաշտպանության նպատակով, դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ստացել պատասխան, որ փոխնախարար Խոջոյանը զբաղվում է այդ հարցով։ Սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել,- հավելեց Շահնազարյանը։