Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մյուս տարի կարող են լրիվ խզվել 

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները մյուս տարի կարող են լրիվ խզվել 

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտը վավերացնելու հարցին, որը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Իսկ երեկ լուր տարածվեց, որ Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չնշանակել։ Այս թեմաների շուրջ MediaHub-ը զրուցեց կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ։

«Փաստացի, Հայաստանը դե ֆակտո դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, Հայաստանը դե ֆակտո սառեցրել է հարաբերությունները, քիչ-քիչ նվազեցնում էր և չէր մասնակցում զորավարժություններին, հետո էլ հետ կանչեց դեսպանին։ Փաստացի, Հայաստանը ՀԱՊԿ-ում չկա»,- ասաց «Հայկական Նախագծի» համահիմնադիրը։

Ըստ Իգիթյանի, դե ֆակտո իշխանության բացատրությունը, թե ինչո՞ւ են ստորագրում Հռոմի ստատուտը, մենք չենք կարող ռելեվանտ համարել։ Ի դեպ, Ադրբեջանն այն չի ստորագրել և չի էլ ստորագրելու։


«Ադրբեջանը չի ենթարկվի դատարանին։ Հաշվի առնելով այն, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվում Հռոմի ստատուտին, էական չէ իրավագիտական տեսանկյունից իրենք ճիշտ են, թե սխալ, բայց քաղաքական տեսանկյունից իրենք շատ վատ են վերաբերվում։ Նույնը դե ֆակտո վարչապետի կնոջ Կիև այցին է վերաբերում. փաստն այն է, թե ինչպես են իրենք դա ընկալում: Եվ իմանալով այդ, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը շարունակում է անել այդ քայլերը՝ ավելի շատ սրելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնք արդեն 5 տարվա ընթացքում շատ վատ վիճակի են հասել»,- հայտնեց կովկասագետը։

Ըստ Կարեն Իգիթյանի, Ռուսաստանն այս պահին շատ սահմանափակ է իր ռեսուրսների մեջ և մեծ բան չի էլ անի՝ հաշվի առնելով Ուկրաինայի հետ պատերազմը, չնայած նրան, որ այսօր պատերազմ է, իսկ մյուս տարի այս վիճակում կարող է նա այլևս չլինել և այդ դեպքում Ռուսաստանը ավելի շատ ռեսուրս կունենա։

«Մեր հարաբերություններն այդ պահին կարող են լրիվ խզվել, ցավոք՝ երկարաժամկետ այս քաղաքականությունը Հայաստանի համար կարող է շատ մեծ վնասներ պարունակել»,- եզրափակեց Իգիթյանը։ 

Մարիաննա Արամյան