Ո՞ր մթերքներն են ապահովում փայլուն և երիտասարդ մաշկ

A, E, C վիտամիններով և ֆոլաթթուով հարուստ սնունդը կարող է ապահովել առողջ և փայլուն մաշկ: Այս մասին խոսել են մաշկաբան Լիա Անսելը եւ սննդաբան Ստեֆ Գրասսոն, գրել է Daily Mail-ը։
Անսելն ընդգծել է, որ ոչ մի դիետա չի կարող վերականգնել երիտասարդ մաշկը, սակայն որոշ ապրանքներ կարող են պահպանել այն օպտիմալ վիճակում։
Բժշկի խոսքով՝ այս հատկությունն ունեն հատապտուղները, քաղցր կարտոֆիլը, տերևավոր կանաչեղենը, բրոկոլին, ավոկադոն և ձուկը, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ A, E, C վիտամիններ և ֆոլաթթու։ Բացի այդ, ձկների շատ տեսակներ հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նույնպես դրական են ազդում մաշկի վրա։
«Դրանք օգնում են ամրապնդել բնական պատնեշը, պաշտպանում են շրջակա միջավայրի սթրեսային գործոններից և կանխում հեղուկի կորուստը»,- թվարկել է բժիշկը ձկան օգտակար հատկությունները:
Գրասսոն հավելել է, որ խոնավացման էֆեկտին կարելի է հասնել ամեն օր խոնավություն պահպանող մթերքներ ուտելով։ Դրանք ներառում են չիայի սերմեր, կտավատի, արևածաղկի, դդմի սերմեր, նուշ, ընկույզ, ավոկադո, ձու և լոբի:
Գրասսոն նաև խորհուրդ է տվել շոկոլադ ուտել նրանց, որոնք հոգ են տանում իրենց մաշկի առողջության մասին:
Նա բացատրել է, որ չնայած աղանդերի վատ համբավին, կակաոն պարունակում է ֆլավոնոիդներ և հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները:
Դիետոլոգը զգուշացրել է, որ դրա համար պետք է ընտրել 70 տոկոսից ավելի կակաո պարունակող շոկոլադ։
Յուղոտ մաշկ ունեցողներին, ովքեր բախվում են պզուկների հետ, Գրասսոն խորհուրդ է տվել հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից և դրանք փոխարինել նորմալ ճարպային այլընտրանքներով:
Սակայն նա զգուշացրել է, որ այս խորհուրդը օգտակար կլինի միայն նրանց համար, ովքեր չունեն անհատական լակտոզայի անհանդուրժողականություն, որը կարող է դրսևորվել նաև մաշկի ցանի տեսքով։