Ինչո՞ւ չեն ավարտվում Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի վերականգնման աշխատանքները

Ինչո՞ւ չեն ավարտվում Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի վերականգնման աշխատանքները

Վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները։ Այդպիսի օր չկա, որ մի քանի ժամով հիմնականում Կենտրոն և Արաբիր վարչական շրջանների որոշ հասցեներում հոսանքազրկումներ չլինեն, ինչը հարուցում է բնակիչների բողոք-դժգոհությունները։ 

Հայաստանի էլեկտրական ցանցերից այս ամենը բացատրում են  «Երեւանի ՀԷԿ 1»-ում հուլիսի 6-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներով։ «Երեւանի ՀԷԿ 1»-ը պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը, որն էլ զբաղվում է վթարավերականգնման աշխատանքներով, իսկ ՀԷՑ-ն էլ ապահովում է անջատումները, որ կարողանան գործ անել։ Դեռևս հուլիսի կեսերին ՀԷՑ-ից տեղեկացրել էին, որ ըստ նախնական կանխատեսման՝ աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ ս.թ. օգոստոսի 10-ը։

Բայց այսօր արդեն օգոստոսի 19-ն է, և աշխատանքները դեռ չեն ավարտվել, այսօր էլի մի քանի ժամով հոսանքազրկվել էր Կենտրոնը։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը MediaHub-ին ասաց, որ  մալուխներ կան, որոնք պատվիրել են դրսից, ուստի դրա հետ կապված՝ մի քանի օր ձգձգվել է աշխատանքների ավարտը։ Բայց քանի որ ՀԷՑ-ը չէ վթարավերականգնման աշխատանքներն իրականացնողը, Սարջանյանը դժվարացավ ասել՝ կոնկրետ երբ կավարտվեն աշխատանքները։

Նշենք, որ Երևան ՀԷԿ-ից սնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այսօրվա դրությամբ այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջեւ, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում։

 

Վահե Մակարյան