Կարեն Անդրեասյանը որպես «շարքային քաղաքացի» է իշխանության PR-ով զբաղվում

Կարեն Անդրեասյանը որպես «շարքային քաղաքացի» է իշխանության PR-ով զբաղվում

Կարեն Անդրեասյանը, լինելով Նիկոլ Փաշինյանից «բացարձակ անկախ» Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, մի քանի օր է՝ ֆեյսբուքյան իր էջում իշխանության գովազդն է անում։

Չգիտենք՝ դրա համար նա վճարվում է, թե՞ բարեգործական հիմունքներով է անում, կամ գուցե վարձատրությունը հենց իր պաշտոնն է, որում նա այս պահին նստած է, բայց փաստ է, որ իշխանությունների PR-ը ԲԴԽ նախագահն իր ոչ փխրուն ուսերին է վերցրել։ 

Եւ հենց այդ գովազդային արշավի շրջանակներում պարոն Անդրեասյանը ամեն առավոտ մի դրական լուր է հայտնում Հայաստան աշխարհի մասին՝ այդ ամենը անցկացնելով իշխանությունների աշխատանքի պրիզմայով, որ եթե չլինեին այս իշխանությունները, արևը հազիվ թե ամեն առավոտ ծագեր, եղանակը այսքան լավը չէր լինի, ճանապարհներն այսպես արագ չէին մաքրվի, մամուլն այսքան ազատ չէր լինի, բիզնեսը պաշտոնյաներից ազատագրված չէր լինի, դատավորները կաշառքով դատավոր չէին դառնա, չնայած որ իշխանությանը ոչ միայն լոյալ, այլ շատ դեպքերում հպատակ դառնալով են դատավոր դառնում, Երևանից դուրս կյանքն էլ այսքան աշծույժ չէր լինի։ Ահա այսպիսի գրառումներ է կատարում Անդրեասյանն ամեն Աստծո օր՝ դրանք համարակալելով որպես «Մի լավ բան 1», «Մի լավ բան 2», «Մի լավ բան 3», այսօր էլ «Մի լավ բան 4»-ի օրն էր։ 

Անդրեասյանի այս գրառումները, բնականաբար, ծաղրի ու քննադատության առիթ են տվել համացանցում, անգամ Նիկոլ Փաշինյանին պատկանող ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակն» է Անդրեասյանի գրառումը տեղադրելով վերնագրում մի թեթև հեգնել, եթե չասենք՝ ծաղրել, թե «Կարեն Անդրեասյանը «ևս մեկ լավ բան» է հայտնել»։ Ու «ևս մեկ լավ բանը» անգամ Փաշինյանի կայքն է չակերտների մեջ առել՝ կասկածի տակ դնելով կամ Անդրեասյանի գրածի իսկությունը, կամ Հայաստանում ևս մեկ լավ բան գտնելու հավանականությունը։ 

Կարեն Անդրեասյանը, իհարկե, եթե մի քիչ անկեղծ լիներ, իշխանության նվիրած այդ վարդագույն ակնոցների տակից երևացող իր «լավ բաների» կողքին կնշեր նաև, որ Արցախի հարցն էլ Հայաստանում վերջապես լուծվեց՝ իրեն ԲԴԽ նախագահ «ընտրած» Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելու, հազարավոր զոհերի գնով, իհարկե, բայց «լուծվեց»։ Կնշեր նաև, որ Հայաստանում երբեք այսքան բացահայտ ու այս ծավալի քաղաքական հետապնդումներ չէին իրականացվել իշխանության ընդդիմախոսների նկատմամբ, այսինքն՝ Հայաստանում երբեք այսքան շատ քաղբանտարկյալներ չէին եղել։ Մի փոքր ազնիվ լինելու պարագայում «վարդագույն» ճանապարհներին նկատվող աշխուժության ֆոնին կնկատեր նաև, որ Հայաստանում երբեք ՀՀ սուվերեն տարածքից ճանապարհներ չէին հանձնվել թշնամուն, որ Հայաստանում նախկինում՝ ժամանակին նաև իր սիրելի նախկինների օրոք, երբ ինքը ՄԻՊ էր աշխատում այդ նույն նախկինների մոտ, երբեք թշնամին չէր սպառնացել Հայաստանի մայրաքաղաքին, Սևանա լճին ու մյուս տարածքներին ու ՀՀ սուվերեն տարածքից ՀՀ քաղաքացիների չէին առևանգել։

Եւ, վերջապես, կարող էր ուղիղ կերպով որպես «ձեռքբերում» նշել, որ նախկինում երբեք Հայաստանը Նիկոլ Փաշինյանի պես մեկը չէր ղեկավարել՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով։ 

Ինչևէ, մեզ մոտ մի քանի հարց առաջացավ, և որոշեցինք դրանք անձամբ Կարեն Անդրեասյանին ուղղել՝ հասկանալու, թե ո՞րն է իշխանության PR-ով զբաղվելու իր մոտիվացիան, արդյոք իր գրառումները կարո՞ղ ենք ընկալել որպես ԲԴԽ պաշտոնական տեսակետ և այլն։ ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը նախ ճշտեց Անդրեասյանից ու ասաց, որ ԲԴԽ նախագահը որևէ բան մեկնաբանելու կարիք չի տեսնում՝ գրառումները կատարված են, ավելացնելու բան չունի։ Իսկ Լիլիթ Շաբոյանն էլ իր անունից ասաց հետևյալը․ «Քանի որ Կարեն Անդրեասյանի գրառումները իր անձնական էջում են, հետևաբար անձնական դիրքորոշում է արտահայտել, և ինքը դրա վերաբերյալ որևէ բան չի կարող մեկնաբանել, քանի որ որպես ԲԴԽ նախագահ չի կատարել այդ գրառումները, այլ որպես շարքային քաղաքացի»։ 

Վահե Մակարյան