Ո՞ւր է մարդու իրավունքների պաշտպանը, և ընդհանրապես, խոսելո՞ւ է

Ո՞ւր է մարդու իրավունքների պաշտպանը, և ընդհանրապես, խոսելո՞ւ է

Անկախության օրն է․

31-ամյա անկախ պետությունում բռնություն է գործադրվում այդ անկախությունն իրենց ամենաթանկով՝ կյանքով պահած տղաների ծնողների նկատմամբ։ 

Ինչո՞ւ․ Փաշինյանի մուտքն էին արգելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Մոտ երեսուն բերման ենթարկված սևազգեստ մայրեր ու այս ամենը տեսնող, բայց ոստիկանական մեծաթիվ զորքի դեմ պայքարելու ուժ չունեցող, գլխահակ հայրեր։ Թվում էր, թե լուսադեմից լարված իրավիճակը գնահատական պիտի ստանա րոպեների ընթացքում, դե, խոսքը զոհվածի ծնողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին էր։ Բայց, ինչպես ասացինք, թվում էր։

06:30-ից, այդ ժամին էր իրավիճակը լարվել, բախումներն էլ մեծամասամբ այդ ժամին էին, անցել է ուղիղ չորս ժամ, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բառ-ծպտուն անագամ չի հանել։ Հասկանալի է, ոչ աշխատանքային օր է, և Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք ունի վայելելու այն, բայց այս դեպքում արդյո՞ք արդարացված է նրա լռությունը։ 

Պաշտպանի հետ անմիջական կապ հաստատել չհաջողվեց, սակայն հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը առավոտյան գնացել են ոստիկանության բաժիններ։ 

«Իրավիճակից տեղյակ ենք, բերման ենթարկվածներին ժամ, ժամ ու կես հետո բաց են թողել»,- MediaHub․am-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից։ 

Իսկ հենց ինքը՝ պաշտպանը որևէ հաղորդագրություն, հայտարարություն չունի՞ այս ամենի հետ կապված․ հարցի պատասխանը հետևյալն էր․ 

«Ո՛չ, այս պահին այսքանն է»։ 

Նարե Գնունի