«Արդեն 3 օր է թշնամու շարժն ակտիվացել է». Ինչ իրավիճակ է Կութում

«Արդեն 3 օր է թշնամու շարժն ակտիվացել է». Ինչ իրավիճակ է Կութում

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:

Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում:

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է: Կոնկրետ երեկ էլի ուժեղ շարժ կար, երեխեքն էլ էին նկատել: Մեքենաների գնալ-գալը պարզ տեսնում ենք, երևի բան-ման են հանում սարերի վրա, ժամը 21:30-ից շարժն ակտիվանում է, երևում է, թե քանի «Ուրալ» բարձրացավ, քանի հատ իջավ»,- ասաց Կութի բնակիչը:

Նրա խոսքով՝ շատ են ուզում իրենց անհանգստությունների վերաբերյալ հարցեր ուղղել պաշտոնատար անձանց, բայց դրա հնարավորությունը չունեն, քանի որ գործող իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշել 2020 թվականից հետո սահմանամերձ դարձած Կութ գյուղի բնակիչներին: