Հայրս երևի Հայաստան էր ուզում հասնել․ Ռաշիդ Բեգլարյանի որդի

Ոչ մի տեղեկություն չունենք հորիցս, ինչ կա, լրատվականներում էլ է գրվում։ Դեպքից էլ դեռ մանրամասներ չգիտենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց 61-ամյա արցախցի Ռաշիդ Բեգլարյանի որդին՝ Գևորգ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ արցախցի 61-ամյա տղամարդը հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, երեկ ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր, թե Բեգլարյանը խախտել է ադրբեջանա-հայկական պետական սահմանը Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքով անցնող հատվածում, որտեղ էլ ձերբակալվել է։
Խոսելով Արցախի ԱԱԾ-ի տարածած տեղեկության մասին, թե տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, որդին նշեց, թե ոչինչ չգիտի, տեղեկության իսկությունն էլ հաստատել չի կարող։
Դիտարկմանը, թե վերջինիս Աղավնոյի տարածքում են գտել և գուցե սա նշանակում է, որ հայրը ցանկացել է Հայաստան հասնել, Գևորգը պատասխանեց․
«Երևի Հայաստան հասնելու մտադրություն ուներ։ Մենք բողոքներ չենք լսել իրենից, առանձին ենք ապրել։ Կարմիր խաչ ենք դիմել, նաև ՄԻՊ, ասում են, որ զբաղվում են, սպասում ենք, տեսնենք՝ ինչ են ասում»։
Լիաննա Թորոսյան