Դա շատ փոքր խնդիր է. Քոքոբելյանը՝ «հանձնվող տարածքներում» իր ջերմոցների մասին

Դա շատ փոքր խնդիր է. Քոքոբելյանը՝ «հանձնվող տարածքներում» իր ջերմոցների մասին

Նիկոլ Փաշինյանը ուզում է հանձնել Տավուշի մարզից որոշ տարածքներ, որտեղ ջերմոցային մեծ տնտեսություն ունի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Ուստի, նրանից Mediahub-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է ասել ինչպես Փաշինյանի կողմից «հանձնման ենթակա» տարածքների, այնպես էլ իր ջերմոցների՝ հավանական կորստի մասին, եթե այդպիսի բան տեղի ունենա։ Քոքոբելյանն իր ջերմոցների մասին հարցը փոքր և աննշան հարց համարեց մեր երկրի անվտանգային մարտահրավերների ֆոնին և խոսեց նախ միակողմանի զիջումների անթույլատրելիության մասին։

«Ես գտնում եմ, որ հատվածային սահմանազատում չի կարելի անել, դա ծայրաստիճան վտանգավոր է, կապ չունի՝ կլինի Տավուշում, Սյունիքում, թե Գեղարքունիքում, և հստակ ունենք հետևյալ մոտեցումը, որ Հայաստանի՝ մոտ 170 քկմ օկուպացված տարածքից պետք է դուրս գան ադրբեջանական զորքերը, ընդհանուր սկզբունքները պետք է հստակ լինեն, նկատի ունեմ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները, դրանից հետո նոր պետք է անդրադառնալ այդ հարցերին, և ակնհայտ է, որ դա միակողմանի լինել չի կարող, և դա անթույլատրելի ենք համարում։ Եւ ավելի վտանգավոր բան, քան այսօր հասարակությանը փորձել արևմտամետների և ռուսամետների բաժանել, մենք չունենք»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը։ 

-Բայց Դուք մշտապես ընկալվել եք որպես պրոարևմտյան հայացքներ ունեցող գործիչ, հիմա Դուք Ձեզ որևէ ճամբարում պատկերացնո՞ւմ եք։ 

-Ես միշտ եղել եմ մի տեղ՝ Հայաստանի Հանրապետության շահը հետապնդող քաղաքական գործիչ, և այդպիսին էլ կամ։ Իմ ցանկացած հայտարարության, հարցազրույցի, մոտեցումների մեջ ընդհանրապես փոփոխություն չի եղել։ Այո, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը, և որպես պետություն՝ պետք է ընտրի զարգացման ուղղություն։ Ես երբեք այլ տեսակետ չեմ ասել։ Մի քանի օր առաջ մենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ նաև ողջունել ենք Եվրամիության ընդունած բանաձևը, հատկապես 14-րդ կետը, որտեղ հստակ նշվում է, որ պետք է Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս բերվեն ադրբեջանական զորքերը, և միջազգայինների ներկայությամբ պետք է ապահովեն արցախցի հայրենակիցների՝ իրենց բնակարանների և իրենց ունեցվածքի՝ սեփականությամբ տնօրինելու և վերադարձի հիմնարար իրավունքները։ Այդ կետով նաև հստակ նշվում է, որ մեր գերիներին պետք է անհապաղ բաց թողնեն։ Ես չեմ կարողանում հասկանալ որոշ քաղաքական, ես կասեի՝ վայ քաղաքական կամ պետական գործիչների այն երկաթյա տրամաբանությունը, որոնք դեմ են այս ձևակերպումներին և այս բանաձևին։ 
Մի շատ կարևոր հանգամանք էլ կա, մեր ամենամեծ կորուստը այն է եղել մինչև այս պահը, որ մենք հստակ չենք ձևակերպել հայկական շահը։ Հայաստանի Հանրապետության դեպքում պետք է ցանկացած միջպետական բանակցության ժամանակ սեղանի վրա լինի հստակ հայկական այն օրակարգը, որը պարտավոր են պաշտպանել թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ Ձեր ասած արևմտամետները կամ ռուսամետները։ Թե չէ մի իրավիճակ է ստեղծվել, որ մի մասը դարձել է Արևմուտքի փաստաբանը, մի մասը՝ Ռուսաստանի, մի մասը՝ Ադրբեջանի, և Հայաստանի շահը առաջ մղելու խնդիրն է, որ մնացել է օդում կախված։

 -Գաղտնիք չէ, որ Տավուշի մարզում՝ Աչաջուրի տարածքում, Դուք բավականին մեծ ջերմոցային տնտեսություններ ունեք, և Նիկոլ Փաշինյանի կողմից այս տարածքների հանձնման գործընթացքում արդյոք վտանգվա՞ծ չեն նաև Ձեզ պատկանող տնտեսությունները։ 

-Դա շատ փոքր խնդիր է։ Ես Ձեզ ասում եմ, որ ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը անվտանգային խնդիր ունի, դուք տանում եք նրան, որ էս հողամասը կամ էն հողամասը։ Նախ, դա իմ ընտանիքին պատկանող բիզնես է, որով զբաղվում են իմ ընտանիքի անդամները, և շատ ուրախ եմ, որ իրենք հենց էսօր էլ սահմանի վրա ուղիղ, ի տարբերություն օդում սուր ճոճողների, շատ հստակ աշխատատեղեր են ստեղծել և շարունակելու են ստեղծել։ Բայց այսօր այդ մեծ խնդրի կոնտեքստում քննարկել մեր ջերմոցային տնտեսության հարցը, կարծում եմ՝ հարգի չէ։ Եւ, ընդհանրապես, բիզնես չունեցող մարդիկ բիզնես ունեցողների ձեռքը կրակը չեն ընկել։ 

-Դա լավ է, իհարկե, որ Դուք Ձեր ունեցած բիզնեսը փոքր խնդիր եք համարում մեր երկրի ընդհանուր անվտանագային խնդիրների ֆոնին, բայց այս բոլոր անվտանգային խնդիրների ի հայտ գալուն զուգահեռ վտանգվելու են ինչպես Ձեր, այնպես էլ այդ տարածքում շատերի մեծ ու փոքր բիզնեսները, ունեցվածքը, ցանքատարածությունները՝ դրանից բխող տնտեսական և ռազմավարական բնույթի հետևանքներով։

-Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար ընդհանրապես, կապ չունի Տավուշի մարզը, Հայաստանը, ցավոք սրտի, ունի փոքր աշխարհագրական տարածք, և այսօրվա գերժամանակակից զինատեսակների առկայության պարագայում քննարկել՝ ինչքան հեռու, ինչքան մոտ լինելու խնդիրը, դա այնքան կարևոր չէ, որքան ռազմավարական դիրքերը։ 
Ինչ վերաբերում է բիզնեսներին, եթե ճիշտ ձևով չարվի Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման խնդիրը, Հայաստանում ընդհանրապես ցանկացած բիզնես ռիսկային է դառնում՝ ոչ միայն Տավուշի մարզում։

Վահե Մակարյան