Արցախից բանակը հանում են, սրանից վեր էլ ի՞նչ լինի, չոքեչոք խաղաղություն ենք մուրում․«Իրավունք»

Արցախից բանակը հանում են, սրանից վեր էլ ի՞նչ լինի, չոքեչոք խաղաղություն ենք մուրում․«Իրավունք»

«Իրավունք» օրաթերթը գրում է․ ««Նախիջեւանի սահմանից եկող ռեալ վտանգների մասին ես բարձրաձայնել, ահազանգել եմ դեռեւս 2018 թվականին, երբ մերոնք 11կմ2 հատվածը, ստրատեգիական բարձունքները տվեցին թշնամուն: Իմ բարձրաձայնումներին անդրադարձավ անգամ Ադրբեջանը, բայց ինչ օգուտ: Ու այսօր ինձ համար նորություն չէ այլեւս, որ այսօր հենց այդ ուղղությունից թիրախավորված են ոչ միայն Ելփինը, Արտաշատն ու Արարատը, այլ նաեւ թիրախավորված է մայրաքաղաք Երեւանը»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ եկող վտանգներին, այս մասին հիշեցրեց արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզկան հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը` ընդգծելով.

- Այդ բարձունքները, որտեղ այս պահին գտնվում է թշնամին, դեռեւս 1994 թվականին Վազգեն Սարգսյանի հրամանով մենք խփինք-վերցրինք, որ իրենք չկարողանային այդտեղից ինչ-ինչ քայլեր անել: Բայց հիմա թշնամին Նախիջեւանի սահմանից Հայաստանը դրել է իր ափի մեջ, երբ ուզեն, կարող են այդ ճանապարհը փակել ու երբ ուզեն` բացեն: Այդ առավելությունով նրանք դարձել են թելադրող, ա՛յ, էս իրավիճակում ենք այսօր: Ես խորը ցավ եմ ապրում, որ նման անողնաշար քայլեր է կատարվում մեր ղեկավարության կողմից: Դուք պատկերացնում եք, էսօր ադրբեջանցիները հենց այդ բարձունքներին տիրապետելով, կարող են կտրել Զանգեզուրն ու մեկուսացնել:

Դե ասում են` նոր այլընտրանքային ճանապարհի հնարավորություն ունենք:

— Դա էլ չի ստացվելու, որովհետեւ այդ այլընտրանքային ճանապարհը նորից անցնելու է թշնամու հսկողության տակով՝ Ելփինի ու Արենիի տակով: 1990թ.-ին, երբ Թուրքիան պայմանագիր կապեց Իրանի հետ, որով իննը կիլոմետրանոց հատվածը միացրեց Նախիջեւանին, դեռ այդ ժամանակ մենք այդ վտանգները նկատեցինք, դրա համար ես հրաման տվեցի զորքերին` մտնել Նախիջեւան: Բայց թիկունքից էլի մերոնք խփեցին` Սուրեն Հարությունյանի հետ միասին:

— Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ցանկացած պահի թշնամին կարող է հենց Նախիջեւանի հատվածից դիմել ագրեսիայի:

— Իհարկե, ինչի մասին է խոսքը: Ամբողջ մի ժողովրդի Արցախում ցեղասպանեցին, բառի բուն իմաստով, ո՞վ որեւէ ծպտուն հանեց, որ հիմա ենթադրենք, որ կարող է հանել: Էսօր, ցավոք, Նիկոլը բերեց հասցրեց մեզ մի հանգրվանի, որ իր ասածները շատ ճիշտ են, որ այսօր մենք պետք է խաղաղություն մուրանք: Ա՛յ, էդ օրին ենք հասել, որ չոքեչոք խաղաղություն մուրանք, որովհետեւ 120 հազարանոց բանակից դարձրին երեսուն հազարանոց բանակ, Արցախից բանակը հանում են, էլ սրանից վեր էլ ի՞նչ լինի: Էսօր հայրենիք սիրողներին մորթում են, էլ ես ինչ ասեմ:

— Իսկ ՌԴ-ի գործոնը զսպող նշանակություն չի՞ ունենա:

— Կարող էր ունենալ, եթե այս պահին չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այսօր ՌԴ-ն չի կարող երկու ճակատով պատերազմել: Էնպես չի, որ մենք ուժեղ կանգնած ենք, որ ՌԴ-ն էլ մի թեթեւ օգնի, ու մենք կկարողանանք դիմակայել: Չէ, մենք ոտքի չենք կարող կանգնել, մինչեւ ազգային ծրագիր չունենանք: Էս էն հայրենիքը չի, որի համար ես կռվում էի, էս ինչ դավաճանական ցանցի մեջ ենք, էս ինչ ենք դարձել...

— Պարոն Ղումաշյան, իսկ զինվորականներն այսօրվա «մերկ» սահմանների համար իրենց լուման չունե՞ն: Էսօր պահեստազորի գեներալներ ահազանգում են այս կամ այն վտանգների մասին, արդյոք ժամանակին նույն գեներալները չէի՞ն կարող իրավիճակը շտկել` գոնե սահմանային առումով:

— Գեներալնե՞ր… ցույց տուր ինձ մի հատ տղա գեներալի անուն, ով շալվար է հագնում. սաղին հատիկ-հատիկ ճանաչում եմ: Բոլորը իրենց կաշվից են վախենում, կաշվից ու աթոռից, պաշտոնը, պագոնը կարեւոր են, քան հայրենիքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։