Ո՞ւր է Փաշինյանը

Կառավարության նիստն այսօր արդեն երկրորդ անգամ հետաձգվեց։
Նախ, հայտարարվեց, որ նիստը տեղի կունենա այսօր ժամը 15:00-ին, ավանդական ժամը 11:00-ի փոխարեն, ապա նշվեց, որ վաղն է անցկացվելու՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին։
MediaHub.am-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նիստն այս էլ երկրորդ անգամ հետաձգվում։
Ըստ Խաչատրյանի՝ առաջին անգամը չէ, որ կառավարության նիստը ուրբաթ օրն է անցկացվում։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, այնուամենայնիվ, պետք է որևէ հիմնավորում լինի, թե մի օրում ինչու է այն երկու անգամ հետաձգվում, Խաչատրյանն արձագանքեց՝ ուղղակի այդպես է որոշվել։
Ճշտող հարցին՝ այսինքն, առանց հիմքի՞ է նման որոշում ընդունվել, Արմեն Խաչատրյանը կրկնեց՝ այդպես է որոշվել։ Մենք նաև նշեցինք, որ մամուլում երեկ շրջանառվում էր Փաշինյանի՝ երկրում չլինելու լուրը, բայց Խաչատրյանը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը երկրում է։
«Այդ պատճառով չի հետաձգվել, փոխվարչապետը կվարեր նիստը, եթե այդպիսի հարց լիներ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ փաստացի անհիմն որոշում է ընդունվել, արձագանք եղավ՝ դե, որոշումը դա է։
Նարե Գնունի