Հիշո՞ւմ եք՝ «Ռոբինզոն Կրուզո» ֆիլմում ինչպես էր Ուրբաթը Կրուզոյին փորձում բացատրել, թե ով է իրենց Աստվածը.
«Այնտեղ, մեծ սարի վրա ապրում է ծերուկ Բենամուկը, բոլորս գնում ենք նրա մոտ խոնարհվում ու ասում՝ բոոոո»։ Ահա այս տրամաբանությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գևորգ Պապոյանը փորձեց ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ «դուք Փաշինյանից հետո ամենաշատ ձայներն էիք ստացել ՔՊ համագումարում, հնարավո՞ր է դիտարկվեք որպես նրան մրցակից», Պապոյանը պատասխանեց, թե՝ «Հայաստանի քաղաքական դաշտում Փաշինյանը չունի համարժեք մրցակից»։
Նման պատասխանն ապաքաղաքական է ու զուրկ ինքնասիրությունից, նաև մատնանշում է տվյալ «գործչի» ճկունությունից զուրկ լինելն ու ստրկական վախը՝ «տիրոջ» հանդեպ։ Քաղաքական կենսագրություն ու փորձառություն ունեցող ցանկացած մեկ այլ մարդ տվյալ հարցին կպատասխաներ այնպես, որ ոչ ինքը հայտնվեր նման խղճուկ վիճակում, ոչ էլ WhatsApp-ին նամակ ստանար՝ հրաժարականի հրահանգով։
Թերևս Գևորգ Պապոյանին կարելի էր և չանդրադառնալ՝ հաշվի առնելով, որ նա ընդամենը մեկն է հարյուրավոր ՔՊ-ականներից, որոնց համար Նիկոլ Փաշինյանը «և’ սնուցող մայր է, և’ նահապետ հայր», բայց քանի որ նա տվյալ կուսակցության «երկրորդ դեմքն» է, ապա հենց նա կարող է հանդիսանալ այն լակմուսի թուղթը, որն ապացուցում է, որ ՔՊ քաղաքական ուժ պարզապես գոյություն չունի։ Կա միայն Նիկոլ Փաշինյան ու վերջ, մյուսների անուն ազգանունները ոչ մի նշանակություն չունեն։
Սակայն մի բանում Պապոյանն իրավացի է, Նիկոլ Փաշինյանն իրոք չունի համարժեք մրցակից։ Ոչ ոք չի կարող պնդել՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», այնուհետև Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ոչ ոք չի կարող կնոջն ու որդուն զինել և ուղարկել Արցախ, այնուհետև ուրիշներին մեղադրել, թե ի՞նչ գործ ունեին ՀՀ զինծառայողները Հայաստանի տարածքից դուրս։ Ոչ ոք չի կարող Շուշին հանձնել ադրբեջանցիներին ու միևնույն ժամանակ ուղիղ եթերով հայտարարել, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ոչ ոք չի կարող նախընտրական քարոզարշավում ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևորագույն գործոն Արցախի հարցի լուծման համար, այնուհետև դիմել խմբի լուծարման պահանջով։ Ոչ ոք չի կարող նախընտրական քարոզարշավում խոստանալ հետ բերել Արցախը, այնուհետև զղջալ, որ ավելի շուտ չի ասել, որ այն Ադրբեջանի մաս է։
Ոչ ոք չի կարող Հայաստանի ներսում ուրանալ Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիայում ողջունել Մեծ Թուրանի գաղափարախոսության իրագործումը։ Ոչ ոք չի կարող խոստանալ Ադրբեջանում հեղաշրջում իրականացնել, այնուհետև հլու-հնազանդ կատարել Ալիևի պահանջները։ Ոչ ոք չի կարող մերժել ազգային արժեքները, մոռանալ Արարատ լեռը, նահատակ հերոսներին, Հայոց պատմությունը ու հարկ մուծելը հռչակել որպես ազգային բացարձակ արժեք։ Ոչ ոք չի կարող Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնել Ադրբեջանին ու այդ տարածքներով մեկտեղ ճանաչել վերջինիս տարածքային ամբողջականությունը։
Ոչ ոք չի կարող մեկնել Վաշինգտոն, ստորագրել փաստաթուղթ ու ԱՄՆ նախագահի մոտ տպավորվել որպես Ալբանիայի վարչապետ։
Ոչ ոք չի կարող հորինել երևակայական «սնուցող մայրեր» ու «նահապետ հայրեր» և իր կողմից մոգոնված «իրական Հայաստան»-ը «գցել նրանց ջեբը»…կարելի է անվերջ շարունակել, բայց թերևս այսքանն էլ բավական է Նիկոլ Փաշինյանին «մրցակցությունից» դուրս համարելու համար։
Այո՛, այս առումով Գևորգ Պապոյանը ճիշտ է. Նիկոլ Փաշինյանն իրոք չունի համարժեք մրցակիցներ, քանի որ ոչ ոք չի կարող այս աստիճան գլորվել հատակը, թերևս բացի նրանցից, որոնք ժամանակին նռները ձեռքներին հայտարարում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, այնուհետև այդ նույն Աղդամը Ադրբեջանին նվիրելուց հետո «ընդլայնեցին» աշխարհագրական տարածքը ու արդարացան, որ իրենց «հայրենիքն» ամբողջ Հայկական լեռնաշխարհն է։
Կարեն Կարապետյան