SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի բուժքույրերի համար նախատեսված հանգստյան սենյակից, գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 45 հազար դրամ գումար, ID, տարբեր տեսակի զեղչային և բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ պայուսակը պատկանել է Երևանի բնակիչ 58-ամյա Արմինե Կ․-ին։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արթուր Վ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Կ․-ն աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։