Մեքենաներ կրճատող Փաշինյանն իր աշխատակազմի համար էլեկտրամոբիլներ է գնել 

Մեքենաներ կրճատող Փաշինյանն իր աշխատակազմի համար էլեկտրամոբիլներ է գնել 

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք հանրության ականջը շոյելու նպատակ ունեն: Դե, հասկանալի է, առջևում ընտրություններ են: 

Օրինակ, վերջին հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց,  որ ծառայողական ավտոմեքենաների կրճատումն իրականացվելու է «կացնային» մոտեցմամբ՝ ի պատասխան գերատեսչությունների կողմից խնդիրը համակարգված ձևով լուծելը ձգձգելուն․ «Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Շատ մեծ է տոկոսը։ Ուզում եմ ասել հետևյալը, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքներին։ Օրինակ՝ օպերատիվ աշխատանքի համար շատ մեծ թվով մեքենաներ կան, և դրանց թիվը չի կրճատվի ընդհանրապես»։

MediaHub-ին հասած տեղեկություններով՝ պետական որոշ կառույցներ, սակայն, շարունակում են մեքենաների պարկի թարմացման աշխատանքները: Օրինակ, Պետական գույքի կառավարման կոմիտեն ձեռք է բերել 49 նոր էլեկտրական մեքենա։ Ստացվում է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է գերատեսչությունների մեքենաների թվաքանակի կրճատման մասին, իսկ կոնկրետ այս կառույցում նորագույն մեքենաներ են ձեռք բերվում, հարց՝ ինչպե՞ս է իրականացվում կրճատումը․ MediaHub-ը կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանի հետ։

«Սա փակ ինֆորմացիա չի, 49 մեքենայի մասին է խոսքը, որից 4–ը նոյեմբերի 15-ին ամրացվել է պետական կառույցների․ 3–ը՝ վարչապետի աշխատակազմին,  1–ը՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմին»,– ասաց Առաքելյանը։

Փաշինյանի գրիչով քաշվող խազերը, փաստորեն, կոնկրետ իր աշխատակազմին չեն վերաբերում: «Մի կողմից՝ գնում է կատարվել, բայց մյուս կողմից էլ մեքենաները կրճատվում են: Եթե 2024թ․–ը համեմատենք 2018–ի հետ, ապա 1224 ծառայողական մեքենա է եղել պետական մարմինների կողմից շահագործվող, իսկ այս պահին 961–ի շրջանակներում է։ Շուրջ 21%–ով կրճատում է իրականացվել։ Այս թվերի մեջ, ի դեպ, ՆԳՆ–ի, ԱԱԾ–ի և ՊՆ–ի մեքենաները չեն մտնում»,– ասացին Պետական գույքի կառավարման կոմիտեից։

Հարցին, թե այդ ինչպե՞ս են կրճատումները լինում, որ զուգահեռ գնումներ են իրականացվում, Առաքելյանը պատասխանեց․ «Կրճատումներն ավելի խոշոր քանակով են իրականացվում, կրճատումներից հետո 961 մեքենա է մնացել, իսկ այս դեպքում մենք գնում ենք 49 մեքենա: Գնումները պահանջարկով են պայմանավորված, միգուցե 10+ տարվա մեքենաներ են, որոնք շահագործման ենթակա չեն, օգտակարության ժամկետը սպառվել է կամ այլ գործառույթների համար անհրաժեշտություն է առաջացել տվյալ մեքենան ամրացնել տվյալ կառույցին, այսինքն, մի քանի հանգամանքներով է պայմանավորված»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե խնդրին նայենք Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տեսանկյունից, առաջ տեղակալներն էլ ունեին ծառայողական մեքենաներ, այժմ նրանց համար չի նախատեսվում։ Միայն կառույցի ղեկավարը, այն էլ ոչ բոլորը, պետք է ունենա ծառայողական մեքենա, և աշխատակազմի համար՝ գործունեության անհրաժեշտությունից ելնելով նույնպես հատկացվում է, օրինակ՝ 100 աշխատողի համար 1 մեքենա սկզբունքով։

Հարցին՝ ի՞նչ է լինելու կրճատված մեքենաների հետ, Առաքելյանը պատասխանեց․ «Եթե կոնկրետ պետական կառույց ծառայողական մեքենայի կարիք ունենա և դա մեքենաների թվաքանակի սահմանաչափը չի անցնի, ապա մեքենաները տրամադրվում են, որոնք այլ կառույցներից վերցվել են և ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ եթե այդ մեքենաները փոխարինման ենթակա չեն, ապա նոր դնում ենք օտարման։ Այդպես, 2023թ․–ին 488 մեքենա ենք օտարել, իսկ 2018թ–ից 2024թ․ ընդհանուր 1277 մեքենա է օտարվել»։

Մարիաննա Արամյան