Սրբազան պայքարն Ադրբեջանի, Թուրքիայի, Արևմուտքի և Ռուսաստանի դեմ է. Զոհրաբյան

Սրբազան պայքարն Ադրբեջանի, Թուրքիայի, Արևմուտքի և Ռուսաստանի դեմ է. Զոհրաբյան

Երեկ քվորում չլինելու պատճառով ԱԺ արտահերթ նիստ չգումարվեց։ ՔՊ–ականներն օրեր շարունակ թմբկահարում են, թե շարժումը մարել է։ Բագրատ Սրբազանն էլ հայտարարում է՝ շարժումը նոր փուլ է մտնում, մեղադրելով իշխանությանը, որ «Հունիսի 12–ը» հավասար է «Մարտի 1»–ին։

Ի՞նչ սպասել, ինչպիսի՞ քայլեր պետք է անի Սրբազանը, որպեսզի հասնի հաջողության․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Սրբազանը և՛ս, շարժումը և՛ս նման ակնկալիք չունեին, որ ՔՊ–ն գալու էր, և նիստը գումարելու էր, պարզապես իրավական գործընթաց է, և ևս մեկ անգամ հնարավորություն էր արձանագրելու, որ նրանք փախնում են բաց և հրապարակային քննարկումներից: Ես համաձայն եմ Սրբազանի հետ, որ եթե մեր հայրենակիցները արագ լուծում են ակնկալում, մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ռեժիմի հետ, որն իր իշխանությունը պահելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ այս ռեժիմն ունի նաև Ռուսաստանի և Արևմուտքի աջակցությունը, քանի որ այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնները, ի դեմս այս ռեժիմի, գտել են մի կոլաբորացիոնիստական իշխանություն, որից յուրաքանչյուրը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքն իրենց աշխարհաքաղաքական շահերի համար կարող են ստանալ առավելագույնը։

«Սրբազան պայքարն Ադրբեջանի դեմ է, Թուրքիայի դեմ է, Արևմուտքի դեմ է, և, ցավոք սրտի, Ռուսաստանի որոշակի շահերի դեմ է, որոնք շարունակում են պաշտպանել և սատարել այս ռեժիմին, չնայած փորձագիտական մակարդակով իբր «քացիներ են տալիս» դրան։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակության որոշ շերտի մոտ հիասթափություն է, քանի որ նրանք տեսել էին 2018թ-ին, որ իշխանությունը չգնաց արյունահեղության, իշխանությունը գտնվեց խոհեմ, մարդկանց դեմ զենք ու զորք չհանեց, բայց ահա մենք տեսանք «Հունիսի 12–ը»»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Սրբազանը ճիշտ է անում, որ չի գնում ռադիկալ քայլերի, քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց դրան է սպասում, որ կալանավորվի Սրբազանը, և քանի որ շարժումն ունի մեկ դեմք, մեկ առաջնորդ, դրանով ավարտվելու է, քանի որ նրա կողքին շատ են  «հաջողության պատմություն չունեցող, հետագիծ չունեցող մարդիկ, որոնք բոլոր բախումների ժամանակ չեզոքանալու են»։ 

«Ես կարծում եմ, որ պրոցեսը հաջողություն ունենալու համար պետք է լինի բացառապես քաղաքական և էմոցիաներից պետք է անցում կատարի «ռեալ պոլիտիկի», իսկ «ռեալ պոլիտիկում» ամեն գործիք պետք է օգտագործվի: Ես բնավ նկատի չունեմ ռադիկալ քայլեր, քանի որ իշխանությունն անհամբեր սպասում է դրան. եթե 2018թ–ին իշխանությունը չգնաց արյունահեղության, մենք հունիսի 12–ին տեսանք, որ այս իշխանությունը ոչ մի բանի առջև, այդ թվում և քաղաքացիական բախումներ հրահրելու առջև կանգ չի առնելու»,– նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Իշխանափոխության հասնելու համար, ըստ նախկին պատգամավորի, պետք է հանդիպել ժողովրդի հետ, պետք է անընդհատ ցույցեր կազմակերպել միջազգային այն կառույցների, դեսպանատների դռան առջև, ովքեր սատարում են բռնությունը և արդարացնում են «Հունիսի 12»–ը։

Զոհրաբյանն ասաց, որ, օրինակ, կսկսեր ԱՄՆ դեսպանատան առջև ցույցից, որին կպահանջեր հանդիպում դեսպանի հետ և հանդիպման կտաներ ձեռքը կտրված ցուցարարին և կհարցներ՝ արդյո՞ք դեսպանը այս ամենից հետո էլ համարում է Հայաստանը ժողովրդավարության փարոս։

Մարիաննա Արամյան